Ե՛վ 17-ը, և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը, և՛ Փաշինյանը նույն դաշտում են, պնդում է Տիգրան Խզմալյանը

Հայաստանում ստեղծված իրավիճակի և դրանում Ռուսաստանի դերի մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում խոսել է Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար և Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Պարոն Խզմալյան, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասում եք, թե Պուտինին պետք է դարձնել Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ։ Իհարկե, կես կատակ-կես լուրջ եք ասել, բայց ի՞նչ նկատի ունեիք։

Տիգրան Խզմալյան․ - Ես իսկապես քաղաքական երգիծանքի ժանրը օգտագործեցի՝ ասելով, որ Պուտինը շատ է օգնում մեզ բացել հայ ազգի աչքերը, քանի որ ամենասարսափելի և զավեշտալի մանիպուլյացիան, որը դար շարունակ ընթանում է մեր ազգի մտավոր աշխարհում, մտածելակերպում, մենթալիտետում, ինչպես ասում են, դա այն է, որ դեռևս գոյություն ունի կարծրատիպ՝ «առանց ռուսների հայերը դատապարտված են»։ Ճիշտ հակառակը՝ հենց ցարական, հետո՝ սովետական չեկիստական և ներկայիս КГБ-ի, ФСБ-ի քաղաքականությունը, քանի որ նրանք են իշխում Ռուսաստանում, ամենամեծ սպառնալիքն է, դրանք ավելի վտանգավոր են, քան թուրքերը և ադրբեջանցիները։ Մենք դա տեսանք վերջին տարիներին և հատկապես վերջին պատերազմի ընթացքում։ Կրեմլը և КГБ-ն բերեցին Թուրքիային տարածաշրջան, բացեցին, թույլ տվեցին բացել թուրքական բազաներ, Կրեմլի համաձայնությամբ կատարվեց այն սարսափելի դավադրությունը և դավաճանությունը, որի զոհը դարձան հազարավոր հայ տղաներ, և փաստորեն փլուզվեց ամբողջ այն քաղաքական, գաղափարական և տնտեսական համակարգը, որը կառուցվում էր վերջին 30, 25 տարիների ընթացքում, և որը փաստորեն դարձրեց Հայաստանը Ռուսաստանի գաղութ։

Պուտինը իր ցինիզմով, իր հանցավոր գործունեությամբ ապացուցեց բոլորին, որ դա այդպես է, և անգամ վերջին նրա գործողությունը, երբ նա հայտարարեց, որ նրա համար Փաշինյանի և Քոչարյանի միջև մեծ հաշվով տարբերություն չկա, քանի որ Փաշինյանը հավատարմորեն կատարում է, փաստորեն, Կրեմլի բոլոր ցանկությունները, պետք է որ փարատեր բոլոր կասկածները առ այն, որ իրականում ոչ մի սև ու սպիտակ, տարբեր ուժեր այդ դաշտում չկան՝ և՛ 17-ը, և՛ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Փաշինյանը՝ նրանք փաստորեն նույն դաշտում են՝ իրենք մրցում են ոչ թե ազգի անկախության, ապագաղութացման, պետականության համար, նրանք փաստորեն մրցում են միայն թե ով է ղեկավարելու երկրի անկումը։ Դրան ենք մենք հակադրում Ազգային-ժողովրդավարական բևեռի մոտեցումը։ Եվ ահա ինչու մենք շնորհակալ ենք, որ Պուտինը օգնեց մեզ ազգի աչքերը բացել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․