Անցյալում կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը, դրանց արդարացումն ու մերժումը ճանապարհ են հարթում բռնության և նոր վայրագությունների վերածննդի համար, կարծում է Հայաստանի արդարադատության նախարարը:
Ռուստամ Բադասյանը, Ճապոնիայում անցկացվող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC) խոսելով այս մասին, որպես օրինակ ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ «ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատելությամբ և խտրականությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխտումով»։
«Տասնամյակներ շարունակ խթանված Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն իր առավել անմարդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով: Նման հանցագործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զինամթերք, թիրախավորվեց և ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգելված ֆոսֆորային զինամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռնի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վնաս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպտորեն խախտելու փորձերը՝ հայ ռազմագերիներին և այլ գերիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։
«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։
Նախարարը խոսել է նաև դատաիրավական բարեփոխումների գործընթացի մասին, ասել է, որ առաջնային նպատակը դատական համակարգի անկախությունն ապահովելն ու համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը ամրապնդելն է՝ դատավորների բարեվարքության ստուգման հավասարակշռված մեխանիզմների և այլ գործիքների ներդրման միջոցով։