Մոսկվան քաղաքական ճնշում է որակել ռուսական լրատվամիջոցների հաշիվների փակումը գերմանական բանկում։ Ավելի վաղ Commerzbank-ը հայտարարել էր, որ դադարեցնում է RT հեռուստաալիքի և Ruptly ծառայության սպասարկումը:
Ըստ լրագրողների՝ դեռ նոյեմբերին պայմաններն անբարենպաստ էին դարձել: Նրանք փորձել են վիճարկել այս քայլը դատարանում և գտնել այլընտրանք, բայց մյուս բանկերը մերժել են կամ ընդհանրապես չեն պատասխանել հարցմանը:
Տեղի ունեցածը Մոսկվայում որակել են որպես «հեռուստաընկերության աշխատանքը խոչընդոտելու լայն արշավի» մաս:
Գերմանա-ռուսական հարաբերությունների ընդհանուր վիճակը Մոսկվայի «ծայրահեղ դժգոհությունն» է առաջացնում, հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Բեռլինի ներկայիս ուղեգիծն անվանելով «բացահայտ առճակատման տանող»:
Մասնավորապես, ռուսական կողմը հորդորել է Գերմանիային ըստ էության պատասխանել Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցումներին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված: Քննադատվել է նաև Գերմանիայի արտգործնախարարության ղեկավարի վերջերս արած հայտարարությունը, որում Հեյկո Մաասը մտահոգություն էր հայտնել Ղրիմում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: