Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին Վլադիմիրի շրջանի Կոլչուգինո ավանում գտնվող թիվ 2 քրեակատարողական հիմնարկի կարանտինի խցում է:
Նավալնիի ազատազրկման դատավճռի հրապարակումից հետո նրա գտնվելու վայրի մասին հակասական տեղեկություններ են հրապարակվել, սակայն փաստաբան Վադիմ Կոբզևը երեկ հաստատել է, որ պաշտպանյալը Կոլչուգինոյում է:
44-ամյա Նավալնին 2,5 տարի է անցկացնելու բանտում: Մոսկովյան դատարանը նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման, ապա այդ ժամկետից հանել է տնային կալանքի պայմաններում և «Մատրոսկայա տիշինա» բանտում մնալու տևողությունը և վերջնական պատժաչափ է սահմանել 2,5 տարի:
Փաստաբան Կոբզևն ասել է, որ չնայած բանտի ծանր պայմաններին՝ Նավալնին կայտառ է և իրեն լավ է զգում, խցում նրա հետ է մնում ևս երկու բանտարկյալ:
Նավալնին զրկված է արտաքին աշխարհի հետ շփվելու և նամակներ փոխանցելու իրավունքից:
Արևմտյան երկրները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ Նավալնին ազատազրկվել է շինծու մեղադրանքներով:
Նավալնիի աջակիցների համոզմամբ, բլոգերին պատժել են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ առնչություններ ունեցող մեծահարուստների և պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար: