Տարաձայնություններ են առաջացել Արկադի Համբարձումյանի ու նրա տան հարևանությամբ կառուցապատում իրականացնող ընկերության միջև

Կառուցապատող «Լույսեր» ՓԲԸ ներկայացուցիչը բողոքում է, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավորը չի քանդում ապօրինի կառուցված ցանկապատը, իսկ Համբարձումյանի փաստաբանն ասում է, որ կառուցապատողն իրականացնում է ապօրինի շինարարություն։

«Թաղամասի բնակիչներից մեկը տեղանքի գենպլանով նախատեսված հատակագծով ճանապարհը ցանկապատել է, պարիսպ է դրել ու արգելափակոցով փակել է։ Այժմ չենք կարողանում էդ ճանապարհով օգտվել և գնալ հասնել մեզ պատկանող հողատարածք», - «Ազատության» հետ զրույցում պնդում է «Լույսեր» ՓԲԸ ներկայացուցիչ Խաչիկ Սահակյանը։

Խոսքը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրապետական Արկադի Համբարձումյանի կամ ավելի հայտնի «Դերժավայի Արկադի» մասին է, իսկ ներկայացված խախտումների մասին «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը քաղաքապետարանի «Թեժ գծին» է ահազանգել 1 ամիս առաջ։

Արդյունքում քաղաքապետ Հայկ Մարությանը կայացրել է որոշում՝ չօրինականացնել Արկադի Համբարձումյանի տանը կից ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը: Նույն որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում, նշվում է այդ կառույցները քանդելու անհրաժեշտության մասին՝ «ազատելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ապօրինի տիրապետումից»։

«Քաղաքապետարանի որոշումը ոչ միայն չենք ստացել, այլ նաև քաղաքապետարանը նշված որոշումը ընդունելուն ուղղված պատշաճ վարչարարություն չի իրականացրել։ Ինչո՞ւմ է խնդիրը։ Նշված ինքնակամ պարիսպը օրինականացնելու կապակցությամբ համապատասխան դիմում ենք ներկայացրել, ինչպես բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն ինքնակամ կառույց և օրինականացնելու դիմում են ներկայացնում։ Նույնը արել ենք մենք», - ասում է Արկադի Համբարձումյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը պնդում է, որ օրինականացնելու մասին իրենց դիմումին պատատասխան չի տրվել, իսկ քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ օրինականացնելու խնդրանքը փետրվարի 23-ին պատասխան գրությամբ մերժվել է։ Քանդելու մասին որոշումը կայացվել է փետրվարի 25-ին, որոշումը ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրվանից։ Քանդման աշխատանքները դեռ չեն մեկնարկել, քանի որ որոշումը երկամսյա ժամկետում բողոքարկելու հնարավորություն կա, ինչից օգտվելու են։

«Քանի որ արդեն իսկ կայքից տեղեկացել ենք նշված որոշման առկայության մասին, արդեն իսկ ներկայացրել ենք վարչական բողոք քաղաքապետարան, որը ինքնին կասեցնում է վարչական ակտի գործողությունը», - նշում է փաստաբանը։

Խնդրո առարկա քարե պարիսպը և մետաղական ցանկապատը, Սահակյանի խոսքով, տեղադրվել է տարածքի բարեկարգման ընթացքում, հետևաբար կան բոլոր հիմքերը օրինականցնելու։ Մինչդեռ որոշման մեջ նշվում է, որ դրանք ենթակա չեն օրինականացման, այլ պետք է քանդվեն, քանի որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել։

Օրենքը նաև թույլ չի տալիս օրինականացնել այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կամ կառուցված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։ Դրանք են պատմական և մշակութային արժեքների օբյեկտները, բնության հատուկ պահպանվող տարածքները, վիճելի տարածքները և այլն։

«Հունվարի 13-ից վարչական դատարանի կողմից կասեցման որոշման պայմաններում մինչ օրս շարունակում է ապօրինի շինարարություն կատարել՝ չնայած քաղաքապետարանի ծանուցումներին, ոստիկանության ներգործությանը։ Մենք կարծում ենք, որ այն, ինչ որ այսօր մասնավորապես Արկադի Համբարձումյանին պատկանող գույքի վերաբերյալ արծարծվում է մամուլում կամ առհասարակ, ուղղակի քաղաքական պատվեր է։ Սա Արկադի Համբարձումյանի տեսակետն է։ Եվ պատվիրատուն «Լույսեր» ՓԲ ընկերությունն է, որը հովանավորվում է այսօրվա իշխանությունների կողմից»։

Տարաձայնությունները «Լույսեր» ընկերության և ազդեցիկ գործարարի միջև ծագել են այն բանից հետո, երբ «Լույսերը» Համբարձումյանի շքեղ առանձնատան հարևանությամբ 16 և 18 հարկանի շենքերով բնակելի համալիրի կառուցապատման շինթույլտվություն ստացավ։ «Դերժավա», «Սլավգրուպ» ու մի քանի այլ ընկերությունների սեփականատեր Համբարձումյանը պնդում է, որ ցածրահարկ կառուցապատման տարածքում արվող բարձրահարկ շենքերին շինթույլտվության տրամադրումը շինարարական նորմերի խախտում է․ դրանով խախտվում է մարդու անձնական կյանքի իրավունքը, քանի որ բարձրահարկի պատուհաններից ամբողջությամբ տեսանելի է լինում առանձնատների տարածքը։

Իսկ կառուցապատողը հակադարձում է, որ քաղաքապետարանից ստացել է կառուցապատման իրավունք՝ շինթույլտվության բոլոր կետերին համապատասխան։

Գործարարի փաստաբանը պնդում է, որ շինարարությունը կասեցնելու որոշումներ կան դատարանի կողմից, ներկայացրեց այդ որոշումները։

«Փաստաբանը մի անգամ արդեն սխալ հայտարարություն ա արել, թե նման վարչական վարույթ չկա, իսկ էսօր պարզվում ա, ձեզ ասել ա, որ բողոքարկելու են։ Թող կողմնորոշվի՝ կա՞ թե՞ չկա։ Մի հատ էլ կկողմնորոշվի արդեն մեր հարցով՝ կասեցում կա՞, թե՞ չկա։ Եթե կասեցում լիներ, մենք չէինք կարա աշխատեինք։ Ուրեմն կասեցում չկա»։

Փաստաբան Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ տարածքի այլ առանձնատների սեփականատերերը ևս վարչական բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ այդ շինարարությունը ոտնահարում է իրենց իրավունքները։ Հայցերը դատարանում են, սակայն ոչ մեկը դեռ վերջնակետին չի հասել։