Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրիտանիայում լույս տեսնող "Русская мысль" պարբերականին տված հարցազրույցում ի շարս այլ հարցերի անդրադարձել է Անկարայի քաղաքականությանը:
«Թուրքիայի ղեկավարությունը բարձր է գնահատում է ազգային անվտանգության հարցերում անկախ քաղաքականությունը, Անկարան գերադասում է ոչ թե կուրորեն հետևել ԱՄՆ գծին, այլ ինքնուրույն գործել», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ` Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ին անդամակցությանը և կատարում է դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունները, սակայն իրեն վերապահում է քաղաքական հարցերում անկախ որոշումներ ընդունելու իրավունք:
«Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է վարել ազգային կողմնորոշման արտաքին քաղաքականություն ու հենց Վաշինգտոնի գծին չհետևելու և պաշտպանությունն իր ընտրած միջոցներով ապահովելու համար է քննադատության ենթարկվում ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից», - ասել է Լավրովը՝ նշելով, թե որոշ դեպքերում դա նույնիսկ հանգեցրել է պատժամիջոցների:
«Թուրքիայի օրինակը վկայում է, թե ինչ վիճակում է դեմոկրատիան ՆԱՏՕ-ի ներսում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
ТАСС լրատվական գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններն առավել սրվել են այն բանից հետո, երբ թուրքերը ռուսների հետ կնքել են С-400 (S-400) տեսակի հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու գործարքը: