Եվրամիությունը հայաստանյան ուժերին բանակցությունների կոչ է անում

Եվրամիությունը վերստին կոչ է անում հայաստանյան ուժերին տարաձայնությունները հարթել բանակցությունների միջոցով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ուղերձը Հայաստանի արտգործնախարարին է փոխանցել ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

«Բարձրագույն հանձնակատարը անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է այսօր Հայաստանը, և ընդգծել, որ բոլոր դերակատարները պետք է քաղաքական տարաձայնությունները հարթեն խաղաղ ճանապարհով՝ խստորեն հետևելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ Բրյուսելի, կողմերը քննարկել են նաև տնտեսական ու առևտրային համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր։

Պաշտոնական Երևանի հաղորդմամբ, երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: