ԲԴԽ նախագահը շարունակում է պնդել, որ իր կոչը քաղաքական չի եղել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Ազգային ժողովում։

«Քաղաքական բնույթի հարցերին հրաժարվում եմ պատասխանել», - այսօր ԱԺ-ում, երբ շարունակվում էր երեկ ընդհատված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը, ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Դեռ երեկվանից Վարդազարյանը փորձում է ներկայացնել Վճռաբեկ դատարանի դատավորի երկու թեկնածուներին և երրորդ թեկնածուի ինքնաբացարկի պատճառները։ Սակայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորներին այլ հարցեր էին հուզում։ Նրանք պնդում էին, որ ԲԴԽ նախագահը քաղաքական բնույթի հայտարարություն է արել։

Խոսքը չորս ամիս առաջ Վարդազարյանի արած հայտարարության մասին է։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը, հղում կատարելով վարչապետի հեղինակային արտահայտությանը, դիմել էր դատավորներին, որ եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

«Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանի հարցն ակնարկով էր՝ արդյո՞ք հայտարարության օրը պատահական չէր․ - «Այդ օրը Ձեր վաղեմի ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի գործի քննության օրն էր»։

«Ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին», - արձագանքեց Վարդազարյանը։

«Բարի եղեք պատասխանեք այդ ոչ քաղաքական հայտարարությանը»․ այս հորդորը տարբեր ձևակերպումներով հնչեց ավելի քան տասն անգամ, սակայն Վարդազարյանի պատասխանը նույնն էր․ - «Հինգ անգամ երեկ պատասխանել եմ և այսօր երկու անգամ պատասխանեցի, որ իմ կոչը քաղաքական չի եղել։ Դա եղել է զսպվածության և սթափեցման կոչ։ Արձագանքել եմ քաղաքական վիրավորական արտահայտությանը։ Այո, գտնում եմ, որ մեր համակարգում կան նաև «վնգստացող» դատավորներ, և իմ կոչը ուղղված էր, որպեսզի այդպիսիք այլևս չունենանք»։

Հակադարձելով իշխանական պատգամավորների մեղադրանքներին, թե ԲԴԽ-ն դուրս է եկել իր լիազորությունների տիրույթից՝ Վարդազարյանը մի քանի անգամ շեշտեց, թե չկա Հայաստանում մեկ մարդ, որ կարող է դատավորին հանձնարարություն տալ․ - «Ես կոչ եմ արել իմ բոլոր գործընկերներին զերծ մնալ որևէ քաղաքական կամ քաղաքական դրդապատճառով որոշում կայացնելուց, թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմադիր, թե՛ անկախ, թե՛ քաղհասարակությանը չհետևել, ղեկավարվել բացառապես օրենքով»։

Հարցին, թե ինչ էր պատահել, որ զսպվածության կոչի կարիք կար, Վարդազարյանն արձագանքեց, որ ինքը ոչ մի քրեական գործի նյութերին ծանոթ լինելու իրավունք չունի, պարզապես զգացել է, որ կրքրերը երկրում լարված են։

Հայկ Կոնջորյանը եզրակացրեց, որ Վարդազարյանը պարզապես անտեսում է խնդիրը։ Իսկ Կոնջորյանի հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք այս քայլով նպաստել է, որ դատական իշխանության հեղինակությունը բարձրանա։ Արձագանքը դրական էր․ - «Ես վստահաբար կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում ձեր իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է»։

Իշխանության հասցեին հնչած գովեստի այս խոսքից հետո էլ անգամ թեժ հարցերի տարափը չդադարեց։ Ավելին, Վաղարշակ Հակոբյանը փորձեց պարզել․ - «Դուք վնգստացո՞ղ դատավորների կատեգորիայի շարքին եք Ձեզ դասում, թե՞ հայրենիքին նվիրված»։

«Ես ինձ դասում եմ հայրենիքին նվիրված, ազնիվ պրոֆեսիոնալների շարքին և ես ինձ չեմ դասում պատերի տակ վնգստացող դատավորների շարքին», - պատասխանեց Վարդազարյանը։

Արդեն իսկ լարված մթլորոտը է՛լ ավելի թեժացրեց որևէ խմբակցություն չընդրկված պատգամավոր Արման Բաբաջնայանը, ով, դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին, ասաց, որ «այս արհավիրքը» (նկատի ունենալով Վարդազարյանին) իրենք են բերել դատական համակարգ․ - «Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս մարդու ոչ թե վաստակն ա դատական համակարգում գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր ա էղել, անհասկանալի պատճառով, Վանեցյանի առաջադրմամբ, էս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»։

«Վիրավորական արտահայտությունները հետևանքեն ունենալու», - արձագանքեց Վարդազարյանը։ - «Խնդրելու եմ, որ Ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության Ձեր իսկ օգտագործած բառապաշարի համար»

Թեպետ Վարդազարյանը պնդում էր, որ նոյեմբերի 15-ի ուղերձը տեղ է հասել, դատական համակարգը միասնական է և համերաշխ, այդուհանդերձ պատգամավորները տարբեր օրինկաներով փորձում էին հակառակը ապացուցել։ Արման Բաբաջանյան ներկայացրեց նոյեմբերի 14-ին հրապարակված նախկին իշխանավորների մասնակցությամբ մի ձայնագրություն, որտեղ նաև բռնության կոչեր կային․ - «Եվ այն ամսաթվի վրա, թե երբ է տեղի ունեցել վարչապետին խփելու վերաբերյալ այս խոսակցությունը։ Նոյեմբերի 14, պարոն Վարդազարյան։ Եվ այդ մարտակոչը, որը Դուք արել եք նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության և այս շրջանակի՝ Ձեր ընկերական շրջանակի հետ»։

«Իմ քայլից» Հայկ Գևորգյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի դեպքերը, երբ հարձակում եղավ Կառավարության շենքի, ԱԺ խոսնակի վրա՝ ակնարկելով, որ Վարդազարյանի հայտարարությունից հետո չկալանավորվեցին, իրավապահների կարծիքով, հեղաշրջման փորձ անող օդիոզ դեմքերը․ - «Ու Դուք ասում եք, որ Ձեր ուղերձը տեղ է հասել։ Կարծում եմ, հենց դա նկատի ունեք»։

Օրակարգից դուրս հարցերին պատասխանելուց հետո Վարդազարյանը հրաժարվեց այլևս պատասխանել «կրկնվող մեղադրաքներին»։ Երեկ նա ուղիղ տեքստով ասել էր՝ եթե իր արարքում հանցակազմ կա, ապա հարց տվողները շատ լավ գիտեն Դատախազության և Հատուկ քննչական ծառայության տեղը։

Ի դեպ, Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ելույթները այս ամենի ֆոնին ուշադրության չարժանացան։