Մոսկվան Արևմուտքին հորդորում է «կրակի հետ չխաղալ»

Պաշտոնական Մոսկվան, արձագանքելով Եվրամիության ու Միացյալ Նահանգների վերջին պատժամիջոցներին, Արևմուտքին հորդորել է «կրակի հետ չխաղալ»։

Երեկ տարածված հայտարարությամբ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Միացյալ Նահանգների ու Եվրամիության սահմանափակումները որակել է որպես թշնամական քայլ և պնդել, թե «Նավալնու թունավորումն ընդամենը պատրվակ է՝ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու համար»: «Մենք դրա հետ չենք հաշտվելու», - ընդգծել է Զախարովան։

Երեկ ուշ երեկոյան Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարեցին, թե համակարգված և միասնական պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու թունավորման և ազատազրկման համար։ Միացյալ Նահանգների սև ցուցակում են 7 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք առնչություն են ունեցել աղմկահարույց գործին, ինչպես նաև քիմիական և կենսաբանական զենքի արտադրության հետ կապված ռուսական 14 ձեռնարկություններ։