Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Համաձայն ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, զրուցակիցները ընդգծել են, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար:
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ:
Հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։
Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: