Վրաստանի վարչապետը քննադատում է ընդդիմադիրներին

Վրաստանի ընդդիմադիրները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել և պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիային, Թբիլիսի, 2-ը մարտի, 2021թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե ընդդիմությունն ապակառուցողական գործողությունների է դիմում:

Վարչապետի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իշխանության և ընդդիմության երկխոսության առաջին փուլը՝ ընդդիմադիրները դրանից հետո նորից շրջափակել են խորհրդարանի շենքը:

«Խորհրդարանը շրջափակելու փորձը հակապետական, ապօրինի և ապակառուցողական գործողություն է, որը հակասում է երկխոսության գաղափարին, դեռ երեկ ես մեր թիմի անունից արել եմ առաջին քայլը և ասել, որ մենք պատրաստ ենք քննարկումներին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել «Վրաստանի երազանք» կուսակցության լիդեր Նիկա Մելիային: Ընդդիմության կողմից խորհրդարանի շենքի շրջափակումն ապակառուցողական են որակել նաև «Վրացական երազանք» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը երեկ է այցելել Վրաստան: Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումներում նա կողմերին հորդորել է երկխոսություն սկսել քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

Շարլ Միշելն ասել է, թե նպատակահարմար կլինի, որ ճգնաժամը կարգավորվի մինչև մարտի 16-ը, քանի որ այդ օրը Բրյուսելում նախատեսված է Եվրամիության ղեկավարների հետ Վրաստանի վարչապետի հանդիպումը, որի օրակարգում ասոցացման պայմանագրի կատարման ընթացքն է: