Լոռու մարզպետը պնդում է, թե պարտադրանք չի եղել, ընդամենը կոչ է արել միանալ հանրահավաքին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյան

Այսօր Վանաձորից մոտ մեկ տասնյակ մեծ ու փոքր ավտոբուսներով բազմաթիվ լոռեցիներ շարժվեցին Երևան՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

Ներկաներից ոմանք ասում էին, թե գործազուրկ են ու երկրի ապագայով մտահոգված, մյուսները՝ թե մասնավոր ընկերություններում են աշխատում՝ առանց նշելու ընկերության անունը։

«Գնում ենք մեր վարչապետի թիկունքին կանգնենք», - ասաց նրանցից մեկը։

Մյուսը հավելեց․ - «Բոլորը աշխատանքից հետո են էկել։ Պարտադրված ոչ մեկը չի էկել»։

Մի խումբ կանայք, որոնք Վանաձորի պոլիկլինիկաների աշխատակիցներ էին, ասացին, որ այսօրվա իրենց աշխատաժամանակն ավարտվել է, ու որ իրենց կամքով գնում են Երևան՝ պայքարելու հանուն արդարության։ Բուժհաստատության երկար տարիների աշխատակիցներն ասացին, որ հանրահավաքների մասնակցել են նաև Հանրապետական կուսակցության օգտին նրանց իշխանության օրոք։ Չհերքեցին, որ ինչպես նախկինում, այս անգամ էլ նրանց վերադասն է հորդորել ներկա լինել իշխանության օգտին կազմակերպվող միտինգին։

«Մենք բոլորս էլ ուզում ենք գնանք, արդարություն ենք պահանջում», - ասաց կանանցից մեկը։

Հարցին, թե ժամանակին Հանրապետականի հանրահավաքների մասնակցել ենք, երկարամյա աշխատողներից մեկը պատասխանեց․ - «Ամեն ինչին էլ մասնակցել ենք, մենք ակտիվ աշխատողներ ենք»։

Ուղևորները ոչ միայն Վանաձորից էին, այլ նաև գյուղական համայնքներից։ Առնվազն երկու միկրոավտոբուսում տեղավորվել էին Թումանյան համայնքից եկածները։ Թումանյանն այն համայնքն է, որի ղեկավարը հրապարակային հայտարարություն էր արել Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին ու մասնակցում էր ընդդիմության ցույցերին։

Թումանյանցիներն այսօր պնդեցին, թե Երևան են գնում առանց որևէ պարտադրանքի կամ անձնական շահագրգռության։

«Սա մեր ապագան ա, սա մեր երկրի ապագան ա, մեր ամենի ինչի համար ենք մենք գնում։ Մենք էսօր չենք նայում, որ մեզ աշխատանքից կհանեն, թե չեն հանի։ Մեզ պետք ա, որ մենք էս ամեն ինչին վերջ տանք։ Ուրիշ ապագա ես չեմ տենում Նիկոլից էն կողմ էս երկրի համար», - ասաց մի երիտասարդ տղամարդ, ով պնդեց, թե վերջին պատերազմի մասնակից է։

Թումանյանցի Արման Հովհաննիսյանն ասաց, որ ճանապարհաշինական ընկերությունում է աշխատում։ Զբաղված է Թումանյան-Բագրատաշեն մայրուղու շինարարությունում, բայց այսօր աշխատանքի չի գնացել, որպեսզի մասնակցի այս, ըստ իրեն, ավելի կարևոր քաղաքական գործընթացին։

Վանաձորից մայրաքաղաք մեկնողների մեջ կային նաև մարզպետարանի ու դպրոցների աշխատակիցներ։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ աշխատանքային ժամի ավարտից հետո ցանկացած ոք, որպես քաղաքացի, իրավունք ունի մասնակցելու տարբեր քաղաքական իրադարձությունների։

Դիտարկմանը, թե Փաշինյանի կառավարությունը մշտապես քննադատել է նախկին իշխանությանը հատկապես դպրոցները քաղաքական գործընթացներում ներգրավելու համար և պնդել, որ իրենք զերծ են պահելու դրանից, մարզպետը պատասխանեց․ - «Այո, պիտի դպրոցները զերծ պահել քաղաքական գործընթացներից, և 2018 թվականից մինչև այս պահը մենք որևիցե ուսուցչի, տնօրենի կամ փոխտնօրենի չենք պարտադրել, որ մտնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Չեք գտնի նման փաստ»։

Երեկ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում մարտի մեկի հանրահավաքի ու երթի համար»։

Լոռու մարզպետը պնդում է, թե պարտադրանք չի եղել, ընդամենը կոչ է արել միանալ հանրահավաքին․ - «Այսօր հնարավոր չէ մարդկանց պարտադրել, ճնշել։ Չկա նման բան, պարզապես գոյություն չունի»։