«Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ», - այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է դիրքորոշումներ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները:
«Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:
Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է», - ասված է հաղորդագրությունում:
Խորհրդարանի պասիվությունը, ըստ ՄԻՊ-ի, բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական:
Թաթոյանն ընդգծել է, որ այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները:
«Խաղաղ հավաքների ազատության հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա մեր երկրի միջազգային պարտավորությունն է», - նշված է հաղորդագրությունում:
Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ մեջբերում է Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները. հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը:
Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող հավաքներից մեկի արգելման համար: ՄԻՊ-ն ընդգծում է՝ ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության ապահովումը:
«Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր: Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:
Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների մասնակիցների միջև: Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ», - հավելում է ՄԻՊ-ը:
Թաթոյանը նշել է նաև, որ երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին:
«Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին: Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը, երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է Ոստիկանության փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին:
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց մասնակցության հետ», - ասված է տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:
Նշենք, որ այսօր, ժամը 18։30-ին էլ հանրահավաքի և երթի է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում։
Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» ևս հանրահավաք է հրավիրել՝ Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց, այսօր ժամը 18։00-ին