Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր մուտք են գործել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք: Նրանք իրազեկման ակցիա են իրականացրել շենքում:
Կենտրոն վարչական շրջանը այս առթիվ հանդես է եկել հայտարարությամբ.
«Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը»:
Ըստ այս հայտարարության` վերոհիշյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը. «Որևէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը», - նշում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 1-ին, ինչպես իշխանությունը, այդպես էլ ընդդիմադիրները հանրահավաքներ ու երթեր են նախատեսել: