Սա ռազմական հեղաշրջում է՝ գործընթացում «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ վերլուծելով վարչապետի հրաժարականի պահանջով Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» է համարել։
Փորձագետի համոզմամբ, դա կամ կավարտվի վարչապետի հրաժարականով և երկրում իշխանափոխությամբ, կամ կհաղթի վարչապետը և դա արդեն հեղաշրջման փորձ կլինի։
Պավել Ֆելգենգաուերի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Հրայր Թամրազյան. - Այսօր իմ կիրակնօրյա հաղորդման հյուրն է Պավել Եվգենիևիչ Ֆելգենգաուերը: Բարև Ձեզ, Պավել Եվգենիևիչ: Շնորհակալություն այս հնարավորության համար: Սկսենք Հայաստանի իրավիճակից: Ձեր կարծիքով, ինչու՞ են զինվորականներն, ավելի կոնկրետ՝ Գլխավոր շտաբը՝ ավելի քան 10 գեներալներ, 30 այլ սպաներ, այդ թվում ՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, հայտարարությամբ հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանն ինքը սա գնահատեց որպես ռազմական հեղաշրջման փորձ: Պավել Եվգենիևիչ, խնդրում եմ, բացատրեք, թե դա ի՞նչ էր՝ հեղաշրջման փորձ, թե՞ սպառնալիք, կամ գուցե՞ պարզապես անհամաձայնություն կառավարության հետ: Ինչպե՞ս եք դա գնահատում:
Պավել Ֆելգենգաուեր. - Սա, իհարկե, հեղաշրջում է: Սա դեռ փորձ չէ, սա ռազմական հեղաշրջում է՝ գործընթացում, դեռ չի ավարտվել: Դա կամ կավարտվի վարչապետի հրաժարականով և երկրում իշխանափոխությամբ, կամ կհաղթի վարչապետը, ապա դա արդեն հեղաշրջման փորձ կլինի: Իսկ մինչ այդ, այս ամենը ընթացքի մեջ է: Այո՛, զինվորականները պարզապես միայն անհամաձայնություն չեն հայտնել: Սա ոչ միայն Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը, սա ողջ բարձրագույն ռազմական ղեկավարությունն է, որ անվստահություն են հայտնել վարչապետին՝ երկրի քաղաքական ղեկավարությանը և պահանջել նրա հրաժարականը: Լատինական Ամերիկայի և այլ երկրների բոլոր չափանիշներով՝ սա ռազմական հեղաշրջում է՝ դրա իրականացման գործընթացում: Ինչո՞ւ են նրանք այդքան դժգոհ Փաշինյանից: Դե, հավանաբար, իհարկե, սա բազմաթիվ հարցերի հետ է կապված, և առաջին հերթին պատերազմի պարտության հետ: Ինչպես կուբացի հակահեղափոխականների կամ Կաստրոյի հակառակորդների Խոզերի ծոցում անհաջող գործողությունից հետո ասաց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, իսկ ավելի ճիշտ առավել հանրաճանաչ դարձրեց ավելի վաղ արված մի արտահայտություն, «հաղթանակը միշտ շատ հայրեր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է»: Այս արտահայտությունն ի սկզբանե հորինել էր Մուսոլինիի փեսան՝ կոմս Չիանոն, բայց նախագահ Քենեդին այն ավելի հանրաճանաչ դարձրեց: Իսկ Հայաստանում, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, այս պատերազմի տարբեր մասնակիցներ՝ ռազմական, քաղաքական առաջնորդներ, նախկին ղեկավարներ, ներկայիս ղեկավարներ մեղադրեցին միմյանց, և այժմ դա հանգեցրել է լուրջ ներքաղաքական ճգնաժամի:
Ընդհանուր առմամբ, դա շարունակվում է զինադադարի պահից՝ նոյեմբերի 9-ից ի վեր, բայց այժմ այն հասել է լուրջ իրավիճակի: Ես, իհարկե, Մոսկվայում եմ, ոչ թե Երևանում, և ինձ համար որոշ չափով դժվար է դատել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Երևանում և որքանով է զինված ուժերի դիրքորոշումն ունի աջակցություն հասարակության կողմից, որքանով հասարակությունը շարունակում է սատարել Փաշինյանին: Բայց որ սա ներքաղաքական լրջագույն ճգնաժամն է, այո՛, դա այդպես է:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ