Թուրքիան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպանին՝ պաշտոնական բողոք արտահայտելու

Թուրքիան Արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամա Ֆերազմենդին՝ Անկարայի պաշտոնական բողոքն արտահայտելու։ Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումը Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

Իրանի դեսպանը նաև ասել էր, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ի պատասխան, «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, թուրք պաշտոնյաները ընդգծել են՝ Անկարան Թեհրանից աջակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում և ոչ թե դիմակայություն։

Թուրքիայի զինուժը պնդում է, թե Իրաքի հյուսիսում ամրացած քուրդ գրոհայինները սպառնում են Թուրքիայի անվտանգությանն ու կայունությանը։