12 օր է, ինչ Արցախում դադարեցված են որոնողական աշխատանքները

Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ, Ադրբեջանն արգելում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել որոնումները։

«Ադրբեջանական կողմը այլևս արգելել է իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոնողական կամ փրկարարական աշխատանքները», - «Ազատությանն» ասաց Թադևոսյանը։ - «Այս պահի դրությամբ, ռուսական կողմը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ իհարկե վարում է, բայց դեռ որևէ արդյունքի չենք հասնում ո՛չ մենք և ո՛չ էլ ռուսական զորակազմը։ Միայն գիտենք, որ որոնումներ աճյունների մասով լինելու է, բայց թե երբվանից արդեն կթողնեն, դա դեռևս մնում է հարցականի տակ»։

Ադրբեջանական կողմը հիմնավորումներ չի ներկայացնում։ Հունան Թադևոսյանն ասաց՝ կարող են միայն ենթադրություններ անել․ - «Առաջին օրերին մենք մտածում էինք, որ ամենայն հավանականությամբ ընթացող խոշոր շինարարական աշխատանքներն են, ենթակառուցվածքների վերանորոգումն է, նաև առաջիկայում պլանավորված Ալիևի և Էրդողանի այցը, գուցե դա էր իրական պատճառը»։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատներն ամեն պահի պատրաստ են մեկնել որոնողական աշխատանքների մեկնարկի մշտական վայր՝ Շուշիի մուտքի մոտ․ - «Հավաքվում են Շուշիի մուտքի մոտ և՛ ռուսական, և՛ադրբեջանական, և՛ հայկական կողմերը, այնտեղ որոշում որոնողականի ուղղությունները։ Հիմնական բանակցությունները այնտեղ են տարվում»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը շեշտում է, որ ադրբեջանական կողմի՝ որոնողական աշխատանքները շարունակելու արգելքը եռակողմ հայտարարության տրամաբանությունից չի բխում և պետք է արժանանա միջազգային կառույցների արձագանքին․ - «Սա միջազգային իրավունքի, միջազգային նորմերի խախտում է։ Նաև խնդրի մասին մենք բարձրաձայնել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի ներկայացուցչությունում՝ նշելով, որ սա անթույլատրելի երևույթ է»։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն օրեր առաջ հայտարարել էր 1600 անհայտ կորածների մասին։ Հիմնադրամից հատուցում՝ վեց ամիս ժամկետով ամսական 300 հազարական դրամ, ստանում են անհայտ կորածների 803 ընտանիքներ։

Որքա՞ն է ի վերջո այս պահին որոնվող զինծառայողների թիվը։ Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակի տեղեկացմամբ՝ այս պահին փնտրվող զինծառայողները շուրջ 400-ն են ։

Ըստ Հունան Թադևոսյանի, ծնողների տրամադրած տեղեկատվությամբ, մարմինների հիմնական մասը Արցախի հարավային թևում է․ - «Դա Հադրութի, Որոտանի և Կովսականի շրջանն է»։

Ավելի քան 4 ամիս անհետ կորած զինծառայողների ծնողները ծանր, անորոշ սպասման մեջ են։

«Բա ինչ անենք, այ ցավդ տանեմ․․․ հիմա գոնե վերջանա, որ նոր հասկանանք հիմա մեր էրեխեքը գերի են, էնտեղից նորից որոնողական աշխատանքներ կատարվո՞ւմ են։ Բայց դե չեն կատարվում, էլ ֆսյո․․․» - «Ազատությանն» ասաց Նարինե Շահինյանը։

Նրա որդին Էջմիածնի պահեստազորայիններից է, անհետ կորած է հոկտեմբերի 24-ից։ Մայրը հետևում է որոնողականի ընթացքին, սպասում ԴՆԹ փորձաքննության պատասխաններին, բայց երազում է նրան գտնել գոնե գերիների ցուցակում․ - «Չեմ ուզում հավատամ․․․ որովհետև ինձ ձեռ չի տալիս։ Իսկ պետք ա գոնե գերիների մեջ․․․ իմ հույսը, հավատը էդ ա»։