Փաշինյանը բանակին վերաբերող փաստեր է ընդգծում

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Երկու փաստ եմ ուզում ընդգծել», - այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․

«Կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետևյալ ցանկի.

- Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:

- Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:

- Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:

- Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:

- Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:

- Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:

- Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:

- Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:

2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք: Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Ի դեպ, մեր Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները»։