Հայաստանյան կուսակցությունները քաղաքացիներին կոչ են անում խուսափել բախումներից, իսկ վարչապետին` հրաժարական տալ:
«Լուսավոր Հայաստանը» նշում է, որ հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։
«Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն: Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է», - ասված է կուսակցության խորհրդի հայտարարության մեջ:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը վստահ է, որ իշխանությունները «Հայաստանը կազմաքանդելու շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ»։ Գործադիր մարմինն իր անդամներին ու համակիրներին կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում:
Խորհրդարանական երկրորդ ուժը` ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» էլ կոչ է անում ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ: ԲՀԿ-ն Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է որակել:
«Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի», - ասված է «Բարգավաճի» հայտարարության մեջ:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն հանրապետության» կուսակցությունն էլ նախագահին հորդորում է գործընթացներն անցնցում հանգուցալուծելու համար անհապաղ ձեռնարկել բոլոր կողմերի միջև քաղաքական խորհրդակցություններ, նաև կոչ անում անհապաղ գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:
«Ժառանգություն» ևս կարծում է, որ այս իրավիճակում նախագահը, Ազգային ժողովը, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հանրային ուժերին շտապ համախմբեն, խորհրդակցությունների միջոցով հաղթահարեն վարչապետական ճգնաժամը:
Նշենք, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։