Զինված ուժերի բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ կձևավորվի՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ արդեն քննարկումներ ունեցել են, որոշակի եզրակացությունների են եկել և ձևակերպել են օրակարգ, թե ինչպես և ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի ԶՈւ բարեփոխումը։
«Այսօր մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ, պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը», - ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ մտադիր են սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ։
«Այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ և համոզված ենք, որ այս գործընթացի արդունուքում այդ համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում», - ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 18-ին բարեփոխումների ճանապարհային քարտեզ հրապարակեց, որում կետ կար նաև Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի մասին:
«Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյա» , - ասել էր վարչապետը։