Ֆրանսիայում համաճարակային իրավիճակը վատթարանում է

Ֆրանսիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման համար հերթ Նիսում, 25-ը հունվարի, 2021թ․

Ֆրանսիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է, և որոշակի շրջաններում հնարավոր է խստացված սահմանափակումներ գործեն: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի կառավարությունը: Վարակվածների թիվը մեկ օրում աճել է շուրջ 31,5 հազարով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է է նոյեմբերից ի վեր:

Դանիան, հակառակը, նախատեսում է սահմանափակումների որոշակի մեղմացում: Մարտի 1-ից որոշ խանութներ կբացվեն, բայց փակ կմնան մեծ առևտրի կենտրոնները, իսկ դպրոցներում դասերը կվերսկսվեն այն շրջաններում, որտեղ իրավիճակը, ըստ իշխանությունների, լուրջ անհանգստություն չի առաջացնում: Թույլատրվում են նաև մշակութային միջոցառումներ և սպորտ, բայց՝ մասնակիցների թվի սահմանափակմամբ:

Շվեյցարիայում ևս մարտի 1-ից երեք շաբաթով կթուլացվի կարանտինային ռեժիմը, ինչից հետո իշխանությունները կգնահատեն իրավիճակը և կարող են վերանայել որոշումը:

Իսպանիայում էլ իշխանությունները պատրաստվում են կորոնավիրուսի ճգնաժամից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսական օգնության նոր փաթեթ հաստատել: Նախարարների փոխանցմամբ՝ առաջին հերթին օգնությունը կտրամադրվի այն ոլորտներին, որոնք աճում էին և մրցունակ էին մինչ համաճարակը, բայց սահմանափակումների պատճառով հայտնվեցին փակվելու եզրին՝ զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես և հասարակական սննդի կազմակերպում: