ԱՄՆ պետական դեպարտամենտը Թբիլիսիին կոչ է անում ազատ արձակել Նիկա Մելիային

ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, Վաշինգթոն, արխիվ:

Այդ հորդորն են հնչեցրել նաև օրենսդիրները:

Մի խումբ ամերիկացի դեմոկրատական և հանրապետական օրենսդիրներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիային և նրա համախոհներին ուժի գործադրմամբ երեկ վաղ առավոտյան կալանքի տակ վերցնելու իրավապահների գործողությունը և պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին:

Վրաստանի ուժայինների կոշտ դիրքորոշումը վրդովմունք է առաջացրել Վրաստանում և խստորեն դատապարտվել է Եվրամիության և Միացյալ Նահանգների քաղաքական շրջանակների կողմից:

Ամերիկացի օրենսդիրներից համատեղ հայտարարությունը ստորագրել են դեմոկրատական և հանրապետական երկուական սենատոր և կոնգրեսական:

«Ազգային միացյալ շարժման կենտրոնակայանի վրա բռնի եղանակով հարձակումն ու ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի և տասնյակ ակտիվիստների ձերբակալությունը խորապես անհանգստացնող հանգամանք է: Քաղաքական դրդապատճառներով Վրաստանի իրավապահ մարմինների և դատական համակարգի լծակների անհարկի կիրառումը վտանգում է այն, ինչ մնացել է Վրաստանի ժողովրդավարությունից և Վրաստանի ընտրած եվրատլանտյան ուղուց»,- ասվում է ամերիկացի օրենսդիրների համատեղ ուղերձում:

Ընդ որում ձերբակալվածներին ազատ արձակելու մասին պարբերությունում օգտագործվում է «քաղաքական բանտարկյալներ» եզրույթը:

Ուղերձը ստորագրել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանրապետականների փոքրամասնության ավագ անդամ Ջիմ Ռիշը, այդ հանձնաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ենթախմբի նախագահ, դեմոկրատական Ջին Շահինը, Ներկայացուցիչների տան Վրաստանի հարցերով հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ադամ Կինցինգերն ու դեմոկրատական Ջերի Քոլոլին:

Օրենսդիրներին է միացել նաև գործադիրը:

«Միացյալ Նահանգներին խորապես անհանգստացրել է ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի և Վրաստանի ընդդիմության այլ ներկայացուցիչների ձերբակալությունը»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայփը:

Խոսնակը Վրաստանի իշխող և ընդդիմադիր քաղաքական ճամբարներին հորդորել է դրսևորել զսպվածություն և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել առանց այն էլ շիկացած իրավիճակը:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը գործել իր եվրատլանտյան նկրտումներին համահունչ և վեհահաստատել հավատարմությունը դեմոկրատիայի, անձնական ազատությունների և օրենքի գերակայության սկզբունքներին և այդպես ապացուցել, որ դատական ու իրավական համակարգում չկա քաղաքական կողմնակալություն: Միացյալ Նահանգներն աջակցում է ժողովրդավարական, ապահով և բարգավաճ Վրաստանին, մենք շարունակելու ենք համագործակցել Վրաստանի հետ օրենքի գերակայությունը և հաստատությունների հաշվետվությունը խթանելու հարցում»,- հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայփը:

Վրաստանում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ դատարանը կայացրել է 2019 թվականի զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Նիկա Մելիային կալանավորելու որոշում, որն անընդունելի համարելով՝ հրաժարական է ներկայացրել վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրան այդ պաշտոնում փոխարինած Իրակլի Ղարիբաշվիլին պնդել է, որ Մելիան հանցագործ է և պետք է պատժվի: Ժամեր անց ոստիկանության հատուկ ջոկատը գրոհել և ձերբակալել է ընդդիմության լիդերին ու նրա աջակիցներին:

Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ և խոստանում է շարունակել բողոքի ակցիաները: