Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են լրագրողների նկատմամբ բռնությունը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել փետրվարի 23-ն ԶԼՄ-ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի վերաբերյալ:

Հիշեցնենք երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ մի խումբ քաղաքացիներ հարձակվել են իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել տեսախցիկը։

Նույն օրը ցուցարարների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողությունների ընթացքում հարված է ստացել «Sputnik Արմենիա» կայքի օպերատոր Արամ Ներսիսյանը։

«Անընդունելի և դատապարտելի համարելով փոխադարձ ատելություն տարածելը՝ համոզմունք ենք հայտնում, որ լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ ագրեսիվ պահվածքի համար մեծապես պատասխանատու են ցույցերի և երթերի կազմակերպիչները, որոնք համակիրների շրջանում անհանդուրժողականություն են սերմանում «ոչ յուրային» ԶԼՄ-ների նկատմամբ։ Դրա վառ օրինակն է նաև «Ազատության» հետ կապված վերջին միջադեպը. ընդդիմությունը վաղուց իր հետևորդներին ներշնչել է՝ իբր այդ ռադիոկայանը գործում է ի շահ Փաշինյանի կառավարության», - նշված է հայտարարությունում։

Լրագրողական կազմակերպություններս, արձանագրում են նաև, որ այս ամենը չի նպաստում հասարակության համախմբմանը, «ինչն այսօր չափազանց կարևոր է»։

Նրանք ՀՀ ոստիկանությունից պահանջում են բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի ցանկացած խոչընդոտում, բացահայտել վերոհիշյալ միջադեպերի մասնակիցներին ու բռնություն իրականացնողներին և պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև՝ ծառայողական քննություն անցկացնել ձեռնարկված գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար: Ակցիաները կազմակերպող ընդդիմադիր քաղաքական ուժերից պահանջում են հստակ ուղերձ հղել իրենց համակիրներին և հետևորդներին՝ լրատվամիջոցների նկատմամբ ագրեսիվության և անհանդուրժողականության անթույլատրելիության վերաբերյալ՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից։

«Վերջին ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք նաև մի շարք միջադեպեր, երբ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրներն են խտրական և վիրավորական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ, թիրախավորել ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին», - նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, կրկին թիրախավորվել էր «Ազատություն» ռադիոկայանը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը խոչընդոտել էր ԶԼՄ-ի աշխատանքը, իսկ երբ ռադիոկայանի թղթակիցը դիմել է այդտեղ գտնվող ոստիկաններին, վերջիններս անտարբերություն և անգործություն են ցուցաբերել։