Վաշինգտոնը մտահոգություն է հայտնում Նիկա Մելիայի ձերբակալության առթիվ

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է վրացական ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությամբ», անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Վրաստանում ծավալված զարգացումները խորապես մտահոգում են մեզ։ Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել այնպիսի հրետոռաբանությունից, որն էլ ավելի կսրի իրադրությունը կամ կհանգեցնի բռնությունների», - հայտարարում էր Պետքարտուղարության խոսնակը։

Նեդ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Վրաստանի կառավարությանը․ - «Գործել երկրի եվրատլանտյան ձգտումներին համապատասխան, վերահաստատել հավատարմությունը ժողովրդավարության, անհատական ազատությունների և օրենքի գերակայության սկզբունքներին՝ երաշխավորելով, որ Վրաստանի դատական և դատախազական համակարգերը զերծ են քաղաքական կողմնակալությունից»։

Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ Նեդ Փրայսը նաև նշում էր, որ «Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավարական, անվտանգ և բարգավաճ Վրաստանին։ Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի հետ՝ հաշվետու կառույցների միջոցով օրենքի գերակայության հաստատմանը հասնելու համար»։

Հիշեցնենք՝ վրացական ոստիկանությունը Մելիային ձերբակալելու համար գրոհեց նրա գլխավորած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գրասենյակը։