2015 թվականից ի վեր Ադրբեջանը Կոնգոյի բռնապետական ռեժիմին գաղտնի վաճառել է մեծ քանակությամբ զենք։ Կոնգոյի ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունն այդ սպառազինությունն օգտագործել է ռեժիմը պահպանելու նպատակով։
Միայն վերջին վեց տարվա ընթացքում Ադրբեջանից աֆրիկյան այդ հանրապետություն է տեղափոխվել ավելի քան 500 տոննա սպառազինություն, գործարքի գների մասին հստակ տեղեկություններ չկան։ Այս մասին գրում են Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի լրագրողները՝ վկայակոչելով բեռների տեղափոխման վերաբերյալ որոշ գաղտնի փաստաթղթեր։
Այդ փաստաթղթերը վկայում են նաև, որ Ալիևի վարչակազմը հաճախ է Կոնգո զենք ուղարկել Silk Way Airlines-ի մասնավոր օդանավերով։ Ռազմական օդանավերով ուղարկելը կարող էր ուշադրություն գրավել, նշում են հոդվածի հեղինակները՝ հիշեցնելով, որ Silk Way-ը գրանցված է Վիրջինյան կղզիների օֆշորային ընկերություններում, որոնք կապ ունեն Ալիևների ընտանիքի հետ։
Հետաքննության հեղինակները պարզել են, որ վերջին մատակարարումն իրականացվել է անցյալ տարվա հունվարին։ Հրթիռներով և պայթուցիկներով բեռնված նավն Ադրբեջանից Կոնգո է ուղևորվել Թուրքիայի տարածքով։
Զենքի հատկապես այս խմբաքանակը երկրի ներսում անհանգստություն է առաջացրել։ Կոնգոյի բռնապետական ռեժիմի ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ առաջիկա մարտին նախատեսված ընտրություններին ընդառաջ երկիրը տասնամյակներ շարունակ ղեկավարող Դենի Սասսու Նգեսսոն է՛լ ավելի է զինվում՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Նգեսսոյի երկարամյա պաշտոնավարումն ուղեկցվում է բռնաճնշումներով, քաղաքական մահապատիժներով, մեծաթիվ ձերբակալություններով։
Միջազգային իրավապաշտպան կառույցները Կոնգոյի նախագահական ընտանիքին մեղադրում են ֆինանսաառևտրային մեքենայությունների, կոռուպցիայի մեջ։ Ընդդիմադիրները պնդում են, որ 77-ամյա Նգեսսոն ավելի քան երեք տասնամյակ իշխանության ղեկը կարողացել է ձեռքում պահել բացառապես լավ զինված ուժայինների շնորհիվ։ Ըստ Նգեսսոյի ընդդիմախոսների՝ նախորդ ընտրություններից հետո՝ 2016 թվականին, երկրի ուժայինները հենց ադրբեջանական զենքն են օգտագործել հետընտրական աննախադեպ հակամարտության ընթացքում, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, տուժել է 140 հազար մարդ։
Հոդվածի հեղինակները նշում են, որ «Հարավային Կովկասի տխրահռչակ ոչ թափանցիկ երկրի» առաջնորդ Իլհամ Ալիևից զենք գնելով՝ Կոնգոն կարող էր հույս ունենալ, որ վաճառքը գաղտնի կմնա։