«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները երեկոյան վերսկսեցին բողոքի ակցիաները

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները երեկոյան վերսկսեցին բողոքի ակցիաները այս անգամ արդեն Հանրապետության հրապարակի տարածքից:

Այնտեղից քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի Ոստիկանության շենքի տարածք՝ անցնելով կենտրոնական մի քանի փողոցներով՝ հնչեցնելով իրենց պահանջները: Շարժման ներկայացուցիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ այսօր կեսօրին տեղի ունեցած միջադեպին: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 57 քաղաքացիների, մինչդեռ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, թե բերման ենթրակվածները 100-ից ավելի են, այդ թվում նաև իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներց։ Մանուկյանը հայտարարեց, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ. «Պատասխան են տալու այն ժամանակ, երբ ունենք առանց Նիկոլ Հայաստան»:

Ակցիայի մասնակիցները հասնելով Ոստիկանության շենքի կոտ ակնկալում էին, որպեսզի ոստիկանապետը իջնի ներքև և բացատրություն տա, թե ինչու էին կեսօրին ոստիկանները վեց տասնյակին մոտ քաղաքացիների բերման ենթարկել: Նրանք հայտնեցին, որ ոստիկանապետը հայտնել է, թե պատրաստ է հանդիպել իրենց հետ և բացատրություններ ներկայացնել, սակայն ոչ այսօր:

Մոտ կես ժամ արգելափակելով Ոստիկանության շենքի տարածքը քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ:

Երթի մասնակից մի խումբ քաղաքացիներ փորձեցին խոչընդոտել «Ազատության» աշխատանքը՝ հարձակվելով «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա, հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր ավելի վաղ բողոքի ակցիա անցկացրեց Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Քաղաքական ուժերի ներկայուցիչներն ու նրանց համակիրները նախատեսում էին շրջափակել կառավարական շենքը՝ խոչընդոտելու համար վարչապետի մուտքն այնտեղ։ Մինչդեռ շենքն ավելի վաղ շրջափակվել էր մեծ թվով ոստիկանական ուժերով։