Սունդուկյանցիները հույս ունեն, որ գոնե այս տարի թատրոնների կանոնավոր աշխատանքը չի խոչընդոտվի

Ի թիվս այլ մշակութային հաստատությունների, թատրոնները ևս մեկը մյուսի հետևից բացում են դռները հանդիսատեսի առաջ: Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը այս տարի առաջին անգամ կդիմավորի իր հանդիսատեսին «Թռիչք կկվի բնի վրայով» պիեսի ներկայացմամբ: 

Ի թիվս այլ մշակութային հաստատությունների, թատրոնները ևս մեկը մյուսի հետևից բացում են դռները հանդիսատեսի առաջ: Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը այս տարի առաջին անգամ կդիմավորի իր հանդիսատեսին «Թռիչք կկվի բնի վրայով» պիեսի ներկայացմամբ:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով, թատրոնի ստեղծագործական անձնակազմն օր առաջ էր սպասում աշխատանքները վերսկսելուն: Հույս ունեն, որ գոնե այս տարի թատրոնների կանոնավոր աշխատանքը չի խոչընդոտվի․ - «Այսօր և վաղը մենք ունենք «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը: 27-ին, 28-ին ունենք «Ալլադինը և սառցե սիրտը»։ Եվ մարտից արդեն սկսում ենք՝ «Հարսնացուն հյուսիսից», «Պեպո»․․․ մի խոսքով, սկսում ենք արդեն ծավալվել»։

Վարդան Մկրտչյանն ասաց, որ իրենք կարող էին և ավելի շուտ ընդունել հանդիսատեսին, բայց թատրոնի շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում անցյալ տարվանից: Այսօր արդեն թատրոնի տնօրենը կարող է վստահությամբ հայտարարել, որ այդ աշխատանքների շնորհիվ սպասարկման որակը էականորեն փոխվելու է․ - «Այս պահին ասեմ, որ մեր հանդիսատեսին սպասարկող սանհանգույցները ամբողջությամբ հիմնանորոգված են, հարմարեցված են 21-րդ դարի պահանջներին։ Փոխվել են նաև արտիստներին սպասարկող սանհանգույցները։ Եվ հիմա վերանորոգման փուլում է արտիստական մուտքի ճակատային մասը։ Եվ այս փոփոխությունները շարունակական են լինելու»։

Վերանորոգումն ընթացել է միայն պետությունից տրամադրված գումարների շնորհիվ: Ամբողջովին փոխվել է նաև թատրոնի՝ դեռ խորհրդային տարիներից մնացած և երբևէ չվերանորոգված կաթսայատունը, որն այսօր ամբողջովին հիմնանորոգված է: Թատրոնի տարբեր հատվածներում էլ դեռ իրականացվող աշխատանքներն ամբողջովին կավարտվեն մեկ ամիս անց:

Առաջիկա տարվա ընթացքում թատրոնի ստեղծագործական գործունեության վերաբերյալ Վարդան Մկրտչյանն ասաց․ - «Մենք սպասում ենք, որպեսզի նախարարությունը հայտարարի դրամաշնորհների մրցույթ։ Մենք անպայման մասնակցելու ենք դրան, որովհետև մոտենում է մեր հարյուրամյակը, և մենք պետք է որևէ լուրջ, մեծ նախագծով հանդես գանք։ Էդպիսի ստեղծագործական գաղափար արդեն ունենք, բայց թույլ տվեք փակագծերը չբացել։ Ոչ դրամաշնորհային ծրագրով ունենք համագործակցություն Սանտա Բարբարայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջոն Բլոնդելի հետ, ով մեր փոքր բեմում պետք է բեմադրություն անի։ Այս պահին Դավիթ Հակոբյանը իրականացնում է դարձյալ փոքր բեմում մեկ այլ ներկայացում, կատակերգություն։ Գիտեք, որ մենք պատրաստել էինք պրեմիերա՝ «Դեկամերոնը», որը Լիլի Էլբակյանն է բեմադրել, որը, ցավոք սրտի, ընդամենը մեկ ներկայացում խաղացին, որովհետև հաջորդեց պատերազմը։ Մենք դադարեցրինք։ Այսինքն՝ դա նույնպես պրեմիերա է։ Եղանակների տաքացումից հետո անպայման այդ ներկայացումը նույնպես կներկայացնենք, քանի որ ինքը բացօթյա է և ամեն եղանակի չենք կարող խաղալ։ Ենթադրվում է, որ այն կսկսենք խաղալ ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսների ընթացքում։ Բավական պրեմիերաներով առաջ տարի է սպասվում, եթե, Աստված տա, անսպասելի դեպքեր չլինեն և հատկապես պանդեմիան չխանգարի»։