Ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը «ծայրահեղ հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում», ելույթ ունենալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Այվազյանը նշել է. «COVID-19 համավարակը ծանր մարտահրավերներ ի հայտ բերեց: Այն խարխլեց առողջապահական, տնտեսական և սոցիալական պաշտպանության համակարգերի հիմքերը: Լիովին գիտակցելով հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց ծայրահեղ խոցելիությունը՝ Հայաստանն առաջին պետություններից էր, որն անվերապահորեն աջակցեց COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչին»։
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը, այլ նաև օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց. «Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ։ Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»:
Այվազյանը հավելել է նաև, որ 44֊օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը «իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր և այլ հաստատություններ, պղծել և ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ»:
«Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն», - նշել է ԱԳ նախարարը:
Արա Այվազյանն ընդգծել է՝ «Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում»:
ԱԳ նախարարը հավելել է նաև, որ Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը. «Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, և ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարևորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ խիստ մտահոգիչ է այն փաստը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ. «Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, և շարունակում է գերության մեջ նրանց մի մասին»:
Ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց, անհապաղ վերադարձը, ըստ Այվազյանի, «ծայրահեղ հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում»: