Դիլիջան, Տաթև և Թումանյան համայնքներն այսօրվանից համայնքապետեր և ավագանու անդամներ չունեն

Այսօրվանից համայնքապետեր ու ավագանու անդամներ չունեն Դիլիջան, Տաթև, Թումանյան համայնքները: Նրանց լիազորությունների ժամկետը սպառվեց, իսկ համավարակի ու ռազմական դրության պայմաններում նոր ընտրություններ չեն կարող անցկացվել:

Գործող օրենքով վարչապետը կամ մարզպետը կարող են նշանակել համայնքապետի պաշտոնակատար, մինչև ընտրություններ լինեն, իսկ ավագանու մասին օրենքը լռում է: Թումանյան համայնքը նախորդ տարվանից ավագանի չունի, այսօրվանից էլ՝ համայնքի ղեկավար: Համայնքի 25 տարվա ղեկավար Լևոն Զավարյանն ասում է՝ չգիտի կնիքն ում հանձնել, ստիպված չի հանձնում. «Եթե մարդ չնշանակեն, ես արդեն կանցնեմ նորից իմ պարտականություններին, իմ հրամանով, եթե վերևից հրաման չտան: Բա թողնեմ տե՞նց համայնքը»:

Անորոշության մեջ էր Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը՝ պաշտոնակատար գուցե նշանակեն, բայց ի՞նչ է լինելու ավագանու անդամների հարցը. «Տեղյակ չեմ, դեռ պիտի որոշում լինի»:

Առանց ավագանու մնալը համայնքն ուղղակի կաթվածահար է անում, օրինակը հենց Թումանյանն է. այս տարվա բյուջեն հաստատող չի եղել, նախորդ տարվա բյուջեի չափն են հիմք ընդունել, փող ունեն, ծախսել չեն կարողանում առանց ավագանու որոշման:

«Լիքը ֆոնդային բյուջեում փող ունեմ, բայց քանի որ ավագանի չկա, չենք կարողանում որևէ ծրագիր ներկայացնենք», - նշեց Զավարյանը:

Տարածքային կառավարման նախարարությունը տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխության նախագիծ է պատրաստել, առաջարկում են ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգել՝ մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը:

«Այսինքն՝ ռազմական դրության և արտակարգ դրության ժամանակ ավագանիների ինստիտուտը շարունակում է լիազորությունները, շարունակում է աշխատել մինչև ռազմական դրությունն ավարտվի և ընտրություն նշանակվի», - ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Այս նախագիծը դեռևս իրավական փորձաքննության փուլում է, մինչև օրենք դառնա, ուժի մեջ մտնի, ամսի կանցնի: «Որ շուտ անեինք կարողա և վաղվանից, էսօրվանից երկարացվեր, հիմա ասում է՝ չարյաց փոքրագույնը գոնե հիմա կունենանք երկարացնելու առումով», - ընդգծեց Գիլոյանը:

Հայաստանի համայնքների միության նախագահ էմին Երիցյանը շեշտում է՝ օրենսդրական այս բացի մասին ավելի վաղ պիտի մտածեին, նախորդ տարվա մարտից արտակարգ դրություն է, եվրոպական տարածքում բազմաթիվ քննարկումներ եղան՝ ինչպես կազմակերպել ընտրություններ համավարակի պայմաններում:

«Հանգիստ կանխատեսելի էր, ակնառու էր, նույն տեղական իշխանությունները, որոնց լիազորությունների ժամկետը լրանում էր ահազանգել են այս հարցով, և նախագիծը, որ հիմա շրջանառվում է նախարարության կողմից, նաև ուշացած է», - ասաց Երիցյանը:​

Նախագիծն, ըստ Երիցյանի, նաև հարցեր է առաջացնում, այսօր ավագանիներին տուն են ուղարկում, հետո երբ օրենքն ընդունվում է, նրանց հետ են կանչում և նորից լիազորում դառնալ ավագանի, իսկ համայնքի կյանքը, տեղական ինքնակառավարումը, որ վերաբերվում է այդտեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացու, պետք է կանգ առնի:

«Ենթադրենք՝ մեկն ուզում է փոքր սրճարան կամ խանութ բացել, նա դիմում է համայնքին թույլտվության համար, և սա անում է տեղական իշխանությունը, գործադիր մարմինը»​, - ընդգծեց Հայաստանի համայնքների միության նախագահ​ը:

Համայնքների միությունն առաջարկում է քննարկման դնել նաև համայնքապետի պաշտոնակատարի հարցը, ըստ Էմին Երիցյանի, համայնքապետերն էլ պետք է շարունակեն պաշտոնավարել քանի դեռ արտակարգ կամ ռազմական դրություն է: Երբ վարչապետը կամ մարզպետը համայնքապետի պաշտոնակատար է նշանակում, սա, ըստ նրա, տեղական ինքնակառավարման գործերին կենտրոնական իշխանության միջամտություն է:

«Սովետից ենք եկել, ուղղաձիգ կառավարումը ​շատ դուրեկան է, մինչև հիմա դեռ հանրության մեջ չկա այդ գիտակցումը, որ տեղական իշխանությունը ինքնուրույն իշխանություն է ու կենտրոնական իշխանության շարունակությունը կամ ենթական չէ», - ասաց Էմին Երիցյանը:​

«Համայնքը ես եմ, դու ես տերը համայնքիդ», Տարածքային կառավարման նախարարության սենյակներում ինքնակառավարումը գովազդող այսպիսի գրառումներ կան: Այսօրվանից լիազորությունների ժամկետը սպառած մի քանի համայնքապետեր Սահմանադրական դատարան են դիմել հենց այս հարցով՝ «եթե ընտրություն չի կարելի, մենք կպաշտոնավարենք, ինչո՞ւ եք պաշտոնակատար նշանակում»։