Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ թագավորության բոլոր չափահաս բնակիչները կստանան կորոնավիրուսի դեմ մինչև ամառվա կեսը պատվաստվելու հնարավորություն:
«Մեր նպատակն է մինչև հուլիսի վերջ պատվաստել բոլոր չափահասներին, ընդ որում՝ խոցելի խմբերում գտնվողները կարող են նույնիսկ ավելի վաղ ստանալ վակցինա», - հայտարարել է Ջոնսոնը:
Նրա փոխանցմամբ, իշխանությունները մտադիր են փուլ առ փուլ չեղարկել սահմանափակումները:
«Կասկած չկա, որ մենք աստիճանաբար և մեծ զգուշությամբ ենք հրաժարվելու կարանտինից, մենք ամեն բան կանենք մեզ և մեր շրջապատը վիրուսից պաշտպանելու համար»,- հայտարարել է վարչապետը:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 67 միլիոն բնակիչներից չափահասների թիվը մոտ 54 միլիոն է:
Այսօրվա դրությամբ Բրիտանիայում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է մոտ 17 միլիոն մարդ:
Երկրորդ փուլում ենթադրվում է պատվաստել 50 տարեկանից բարձր բնակիչներին և առողջական խնդիրներ ունեցողներին՝ ընդհանուր թվով ավելի քան 30 միլիոն մարդ:
Այսօրվա դրությամբ բրիտանացիներին տալիս են Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական արտադրության և AstraZeneca բրիտանա-շվեդական արտադրության պատվաստանյութերի տեսակները:
Հարցումների արդյունքների համաձայն, Բրիտանիայի բնակիչների մոտ 92 տոկոսը ցանկանում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: