Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է մարդատար ավտոմեքենաների համար

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Համաձայն հաղորդագրության, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Զորաշեն-Հատիս ավտոճանապարհը։

Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։

Արարատի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Մեղրի քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-Զանգեր, Ելփինի հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա: