«Շուշիի գորգերի թանգարանի» ժամանակավոր հասցեն հիմա Երևանում է՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Դռներից ներս ցուցադրված են 71 նմուշներ՝ գորգեր, ասեղնագործություններ, ասեղնագործ գորգեր ու կարպետներ՝ 17-20-րդ դարերին թվագրվող։
Շուշիի գորգերի թանգարանը 10 տարվա պատմություն ունի։ 2011-ի սեպտեմբերի 2-ն էր, որ Շուշիում բացվեց իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը։ Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում էր 120-ը՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Ծաղկած խաչեր» և այլն: Հենց այդ մշտական ցուցադրության ներկայացվող գորգերն են հիմնականում, որ հնարավոր եղավ փրկել։ Հոկտեմբերի վերջին Հայաստանի մշակույթի նախարարությունից առաջարկ եղավ նմուշները տարհանելու։
«Ամսի 20-ին դեռ չէի ուզում, ինձ ասացին, ասացի` մի քիչ էլ սպասենք, բայց արդեն վերջին օրերին` հոկտեմբերին թանգարանի մոտ շատ հզոր հրթիռ պայթեց, որ ամբողջը ավիրեց` պատուհաններ, դռներ, սաղ ջարդած էր, ես արդեն ստիպված էի տարհանել: Մի 100-120 գորգ մնաց, չհասցրեցինք տարհանել, կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարը, քարե դարը, էդ ամենը մնաց, չստացվեց», - պատմում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը:
Արցախի մշակույթի նախարարությունը Վարդան Ասծատրյանի խնդրանքին ընդառաջ տրամադրել է մեքենա, և գիշերով հեռախոսների լույսի տակ թանգարանային նմուշները տեղափոխվել են մեքենաներն ու դուրս բերվել Շուշիից. «Գեղանկարչություն էլ, էլի մեր երկրորդ հարկում էր, այդ ամենն էլ դրեցինք, էլի լավ գործեր էին, և վարորդի վրա ճանապարհին կրակել են, ինքը Աստծո օգնությամբ կարողացավ այդ ամենը բերել»։
Տեղափոխության ընթացքում որևէ նմուշ չի վնասվել, ասում է թանգարանի հիմնադիրը։ Տարհանված գորգերի մի մասը հիմա շարունակում է մնալ Ազգային թանգարանի պահեստներում։ Իսկ այստեղ ցուցադրված նմուշները դեռ մի քանի ամիս հասանելի կլինեն այցելուների համար:
«Գորգը ժողովրդական արվեստ է, ժողովրդական արվեստը որպես կանոն հեղինակ չի ունենում, ժողովուրդն է դրա հեղինակը, այս պարագայում, երբ հայտնի է` որ գորգը որ գյուղից է, շատ դեպքերում նույնիսկ թե որ ընտանիքի կանայք են գործել այդ գորգը, մենք կարող ենք ասել, որ այն բացառիկության կնիք ունի իր վրա: Դրանից բացի, այսքան մեծ ցուցահանդես, այսքան ներկայացուցչական ցուցադրություն ես չեմ հիշում, որ Երևանում էլի անցկացված լինի», - ասում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Թանգարանի ցուցանմուշների թվում, որոնք աչքի են ընկնում հագեցած գույներով ու նախշերի բազմազանությամբ, հանդիպում են բավականին հազվագյուտ նմուշներ, որոնց տարիքը հարյուրավոր տարիների է հասնում, ամենահինը 350 տարվա պատմություն ունի. «Ամենահինը 17-րդ դարի է, ասեղնագործություն է մետաքսի վրա, ամենաբարձր մակարդակի տեքստիլի աշխատանք է, օրիգինալ վիճակում է, չենք վերանորոգել»:
Վարդան Ասծատրյանի ընտանեկան ժառանգության վրա հիմնված թանգարանում նմուշներից յուրաքանչյուրը բացառիկ է ոչ միայն թվագրությամբ, այլև պատմությամբ։ Նմուշների 90 տոկոսի սկզբնաղբյուրը հայտնի է. «Այս գորգը երկու կեսից է: Առաջին համաշխարհայինից հետո գորգագործության անկում եղավ, գորգեր չկային, և մարդիկ պիտի իրենց երեխաներին օժիտ տային, ու այս երկար գորգերը կիսել են, դարձել է երկու գորգ` մեկը տվել են մեկին, մեկը` մյուսին, ու սրա մի կտորը մենք գնել ենք Շիրակուզ գյուղից` մի քրոջից, ինքն ասաց` մյուս կեսը մյուս քրոջս մոտ է` կողքի գյուղում: Գնացինք, տեսանք, ասում է` մի օր առաջ Երևանից եկան, գնեցին: Մեկ տարի փնտրեցինք և գտանք երկրորդ կեսը Երևանում, բավականին թանկարժեք էր, բայց կարևորը գտանք և միացրինք այս գորգին»:
Ժամանակին թանգարանի հիմնումը նաև նպատակ է ունեցել փրկել արցախյան ավանդական գորգը մոռացությունից ու հարևան Ադրբեջանի յուրացումից. «Չէի կարա էդ հաճույքը իրենց պատճառեի ու թողեի սա այնտեղ, փոքր ժամանակվանից աչքիս առաջ ա եղել` ինչպես էին ադրբեջանցիները գյուղերով, տներով շրջում ու էտ հին գորգերը գնում, նորերը տալիս, և իրենց թանգարանի 70 տոկոսը Ղարաբաղի հայկական գորգեր են»։
Թե ինչ վիճակում են հիմա Շուշիում մնացած նմուշները, Վարդան Ասծատրյանը հստակ տեղեկություն չունի, միայն լուրեր կան, որ ադրբեջանցիները գորգերը հանել են թանգարանից և դրանց վրա նամազ են անում։ Որևէ նոր նմուշ դուրս բերելու հույս Վարդան Ասծատրյանը չունի։
Շուշիում գործել է 4 պետական և 2 մասնավոր թանգարան։ Գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշները միակն են, որ տարհանվել են։ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում մնացած թանգարանային նմուշներն ու պատմամշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ, Արցախի իշխանությունների խոսքերով, քայլեր արվում են, մասնավորապես փոխանակման ծրագիր են ուզում առաջարկել՝ դրանց դիմաց Ադրբեջանին առաջարկելով 91-ի պատերազմից մնացած ադրբեջանցի նկարիչների գործերը։ Ծրագրի մասին առավել մանրամասն պատկան մարմինները կխոսեն արդյունք ունենալու դեպքում։