Ոչ մի բան չեմ ուզում, գոնե մի տուն լինի․ Հադրութում տունը կորցրած բազմանդամ ընտանիքի մայր

Հադրութից տեղահանված Դավթյանների 14 հոգանոց ընտանիքն արդեն 4 ամիս ապրում է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի մանկապարտեզի շենքում: Տնից դուրս են եկել ու փաստաթղթերից զատ ոչինչ չեն հասցրել վերցնել։

Դեռ 3 ամիս առաջ այս մանկապարտեզում Արցախից եկած 150 հոգի էին տեղավորվել, հիմա արդեն 50-ն են մնացել, մյուսները տեղափոխվել են Արցախի իրենց տներ, մնացել են միայն իրենց հարազատ տունը կորցրածները, որ չգիտեն ուր գնան, ինչ անեն։

«Դե մեզ տուն չունենք, վառել են, թուրքերը Հադրութի մեջ են, ես ո՞ւր էթամ։ Մեզ տեղ չունենք», - ասում է Անուշիկ Դավթյանը։

Նրա դուստրը սպասում է 5-րդ երեխային, մոտ օրերս կծնվի։ Բայց թե ինչպես են ապրելու մանկապարտեզի մի սենյակում այլ ընտանիքիների հետ միասին, ինչպես են երեխային մեծացնելու, դեռ չեն պատկերացնում։ Փոքրիկի համար դեռ մահճակալ ու այլ անհրաժեշտ իրեր չեն կարողացել ճարել։

Դավթյանների ընտանիքը համայնքապետի ուշադրությունից գոհ է, իրենց լավ աչքով են նայում, բայց մանկապարտեզում բազմանդամ ընտանիքը դեռ ինչքա՞ն կարող է ապրել։

Միակ ցանկությունը իրենց գլխին սեփական տանիք ունենալն է․ - «Ոչ մի բան չեմ ուզում, գոնե մի տուն լինի․․․ աղջիկս ա, հարսս ա, քյոռփա երեխեքը»։

Տան մայրը թվարկում է, թե ինչեր են թողել Հադրութում, բայց ոչինչ աչքին չի գալիս, մտքին որդու գերեզմանն է. – «Կովեր եմ ունեցել, խոզեր եմ ունեցել, մեքենաները․․․ ամեն ինչս թողել եմ։ Բայց մենակ հիմա իմ տղու գերեզմանոցն ա աչքիս առաջ, որ թուրքի յանն ա, չգիտեմ քարերը ինչ են արել»։

Անելանելի վիճակում է ընտանիքի հայրն է՝ Մանվել Դավթյանը։ Ամուսինները արցունքն աչքերին տարիներ առաջ մահացած որդուց են պատմում ու թե ինչպես չհասցրին անգամ տղայից մի հուշ՝ լուսանկարը կամ գերեզմանից մի բուռ հող վերցնել. – «Մեկ տուն ա ուզում, մեկը գերեզմանը, չգիտեմ ինչ անեմ․․․ գժվել եմ»։

Մյուս որդին ապրիլյան պատերազմի մասնակից է, այս պատերազմին էլ ոտքերից է վիրավորվել. – «Ապրիլյան կռվին էլ է մասնակցել, մեդալներ են տվել, պարգևատրել, ում ա պետք․․․ որը ասեմ, որը թողնեմ»։

Հինգերորդ երեխային սպասող Նադեժդան երեկ համացանցում է տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները իրենց տներ մտնում, ավիրում ու այրում. – «Սաղ թափած, իրար գլխի լցրած․․․ ինչ ուզել վերցրել են՝ սեղանը, սերվանտը․․․ մնացածը սաղ իրար գլխի թափան, նկարած, գցած էստեղ։ Էրեկ սաղ օրը լացում էին էրեխեքը»։

Մանկապարտեզի մեկ այլ սենյակում էլ ապրում է Աբաղյանների 6 հոգանոց ընտանիքը։ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից էին։ Տան հարսը պատմում է, թե դեռ սեպտեմբերի 29-ին էին իրենց ասել՝ ովքեր երեխաներ ունեն, թող գյուղը շտապ լքեն. – «Ոչ մի բան չենք կարողացել վերցնել մեզ հետ, մի ժամվա մեջ մի էրկու շոր էրեխեքի, էն պուճուրի համար եմ վերցրել, էդ ա։ Ուրիշ բան չենք կարողացել վերցնել»։

Այս ընտանիքին էլ ասել են՝ հաղթելու ենք, հետ եք գալու, բայց այդպես էլ հետ չգնացին։ Ընտանիքի հայրը՝ Վարդան Աբաղյանն ասում է, որ եթե ժամանակին ասած լինեին, տնից գոնե պետքական իրերը կհանեին. – «Ասել են հաղթելու ենք, հաղթելու ենք, բայց ոչ, խաբել են, պարտվել ենք․․․ էնտեղ ոչ մի բան չենք վերցրել, դատարկ եկել ենք։ Բա դե ինչ անենք, հետ գնալ չի լինի»։

Այս ընտանիքում էլ իրավիճակը նույնն է՝ տան կարիք ունեն, բայց ձեռք մեկնող չունեն։