Տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում», - այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. – «Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով»:

Փաշինյանը նաև նկատեց, որ համեմատում է 2020-ի փետրվարի հետ, մի շրջանի, երբ Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։

«Աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ», - նշեց վարչապետը։

Շրջանառությունն աճել է մանրածախ սպառման, արատադրության և ծառայությաննների մատուցման ոլորտների հաշվին, մանրամասնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը․ - «Արձանագրված ավելի քան 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ: Եվ հետաքրքիրն այստեղ այն է, որ աճել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ, այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը»:

Նիստի ընթացքում դիտարկում արեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նկատելով, որ հնարավոր է սպառման ծավալների աճը պայմանավորված է կովիդի ու պատերազմի պատճառով հետաձգված ծախսերով, որոնք մարդիկ հիմա են իրականցնում․ - «Գիտենք, որ շատ հարսանիքներ, միջոցառումներ, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պարտքերն են մարվում: Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ևս չի բացառում, որ փետրվարի առաջին կեսին նկատված շրջանառության աճը պայամանվորված է եղել սպառողների հետաձգված ծախսերով, և այդ միտումն իրականում չի կրելու սիստեմատիկ բնույթ․ - «Բայց ընդհանուր առմամբ խոսել տնտեսության վերականգման մասին, մանավանդ հիմք ընդունելով ընդամենը վերջին երկու շաբաթվա միտումները, կարծում եմ, այդքան էլ արդարացված չէ։ Ժամանակահատվածը բավականին կարճ է, որպեսզի կարողանանք եզրակացությունների անել՝ արդյո՞ք տնտեսության վերականգնման մասին խոսք գնում է, թե չէ»։

Ճգնաժամային 2020-ին նախորդած 2019 թվականը Հայաստանը փակել էր վերջին 12 տարիների կտրվաշքով աննխադեպ մեծ՝ 7,6 տոկոս տնտեսական աճով, ինչին հաջորդած արդեն 2020 թվականի հունվար և փետրված ամիսներին ևս տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր՝ 8,5-9 տոկոս։

Տնտեսագետի խոսքով, այդ ժամանակահատվածի համեմատ ավելի լավ վիճակում գտնվող տնտեսություն ունենալ, կնշանակեր ոչ միայն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, այլև վերելք գրանցել, ինչը տեսականում գրեթե անհնար է։ Հետևաբարփետրվարի առաջին կեսի ցուցանիշները, Ֆանյանի կարծիքով, խաբուսիկ են․ - «Վերլուծություն ենք անում, մի քանի սցենարներ ենք դիտարկում, և կա ամենավատ սցենարը, իրատեսական սցենարը և լավագույն սցենարը։ Դա վատ չէ լավագույն սցենար է, այլ ավելի լավ, քան կարելի էր կանխատեսել։ Ես ավելի քան վստահ եմ, որ էդպիսի բան տեղի ունենալ չի կարող, դա սիստեմատիկ երևույթ չի կարող լինել։ Բայց առհասարակ, բնականաբար, մենք ունենալու ենք տնտեսության վերականգնում մարտին-ապրիլին-մայիսին, որովհետև անցած տարի ունեցել ենք շատ կտրուկ անկում»։

Երևանի շուկաներից մեկում մանրածախ ու մեծածած վաճառքով զբաղվողներն ասում էին, որ գործերը դեռ վատ են, խանութները կիսադատարկ են, գնողների թիվն էլ ճգնաճամին նախորդած ժամանակի համեմատ կիսով չափ կրճատվել է։