Ձյան տեղումները Երևանում խցանումների ու վթարների պատճառ են դարձել

Ձյան առատ տեղումներից հետո մայրաքաղաքի հատկապես ծայրամասային թաղամասերում վաղ առավոտյան մեքենաների խցանումներ էին ու շղթայական վթարներ, մարդիկ էլ սովորականից ավելի երկար էին մնացել կանգառներում:

Թեև մեր նկարահանման պահին ճանապարհներն արդեն բացվել էին, մերկասառույց այլևս գրեթե չկար, այդուհանդերձ, վթարի ենթարկված մեքենաները դեռ փողոցներում էին։ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, օրինակ, առավոտյան 08։35-ին միանգամից մի քանի մեքենա էին բախվել իրար։ Վարորդներն ասացին՝ մերկասառույցի պատճառով արգելակներն անկառավարելի էին դարձել:

«Դիմացի մեքենան արգելակեց, ես էլ արգելակեցի ու քանի որ մերկասառույց էր, տարավ մեքենան», - ասաց վարորդներից մեկը:

Քաղաքացիները տեսանյութեր ու լուսանկարներ էին տեղադրել Ֆեյսբուքում, թե ինչպես են հաղթահարել ճանապարհները։ Մարինա Ադուլյանն, օրինակ, դեպի դպրոց 15 րոպե տևող ճանապարհն այսօր 1 ժամում է անցել։ Երեխաներին դպրոց տանելիս, հետևի մեքենան բախվել է իր մեքենային։ Նա վարորդին չի մեղադրում, ասաց՝ մեքենաները մերկասառույցի վրա ուղղակի սահում էին:

«Դուրս ենք եկել Նոր Նորքի 3-րդ զանգվածից մոտավորապես 8-ին 10 պակաս, հասել եմ 9-ին 10 պակաս, մոտ մեկ ժամ տևել է ճանապարհը ու բավականին խոչընդոտներով ու արկածային ճանապարհ եմ անցել: Նախ, մեքենային հարվածեցին, որովհետև արգելակները չէին աշխատում, ճանապարհները բացարձակ մաքրած չէին», - պատմեց Ադուլյանը:

Վարորդները դժգոհում էին՝ եթե ձյան առատ տեղումների ու ցածր ջերմաստիճանի մասին վաղուց էր հայտարարվել, ինչո՞ւ քաղաքապետարանը աղն ու ավազը ճանապարհներին ժամանակին չէր ցանել։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքում է՝ Երևանն առաջնորդվում է մոսկովյան պրակտիկայով, ըստ որի՝ ճանապարհներն աղ ու ավազով մշակվում են միայն ձյան տեղումների ընթացքում կամ դրանց ավարտից հետո, եթե դա նախապես արվի՝ ձյունն այն կծածկի և ու կրկին մերկասառույց կլինի։ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ ելնելով այն հաշվարկից, որ Երևանում առատ ձյուն տարեկան 2-3 անգամ է տեղում, նաև ձնամաքրման տեխնիկան է ըստ դրա համալրվում։ Առաջիկայում, Կարապետյանն ասաց, նոր խմբաքանակ ձեռք կբերեն: Այս պահին Երևանն ունի 50 հատ ձնամաքրման տեխնիկա, բայց անգամ այդ դեպքում այսպիսի օրերին խնդիրը միանգամից լուծել հնարավոր չէ, կարծում է նա:

«նույնիսկ եթե այդ 50-ի փոխարեն մենք ունենանք 100, 200, 300 տեխնիկա, այդ ամբողջ տեխնիկան այսպիսի ձյան տեղումների պայմաններում, ինչպիսին այսօր է եղել, մենք ունենալու էինք նույն պատկերը: Ցույց տվեք ինձ մեկ քաղաք, որտեղ ձյան տեղումի ընթացքում մեկ ժամվա ընթացքում ամբողջ քաղաքը մաքրված է: Այդպիսի բան, ես կարծում եմ, չկա», - նշեց քաղաքապետի մամուլի խոսնակը:

Այն, որ մարդիկ այսօր կանգառներում սովորականից երկար են սպասել երթուղայիններին, ըստ Կարապետյանի, իրավիճակով պայմանավորված խցանումների, վթարների հետևանք է, տրանսպորտային ցանցն էլ բարեկարգման փուլում է։ Քաղաքապետի մամուլի խոսնակի կարծիքով՝ վթարների զգալի մասն ամառային անվադողերով երթևեկող վարորդների պատճառով է նաև։ Կարապետյանի հավաստիացմամբ՝ փողոցներում ձյան մաքրման աշխատանքների խնդիրը մասամբ լուծված է, բայց ընդունում է՝ բակերի ու մայթերի մաքրման հարցում թերացումներ ունեն:

«Մենք ունենք դեռ չլուծված խնդիր՝ մայթային հատվածների և բակային տարածքների ձնամաքրումը կազմակերպելու ընդհանուր առմամբ և՛ տեխնիկական հագեցվածության, և՛ կոմունալ ծառայությունների աշխատակիցների բավարար քանակի, նաև բնակչության և տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանելու իրենց պարտականությունների հետ կապված», - ընդգծեց Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը երևանցիներին խնդրում է ըմբռնումով մոտենալ իրավիճակին, ասում է՝ ձյունը սկսել է տեղալ մոտավորապես 07։30-ին, օդի ջերմաստիճանը ցածր է եղել և ճանապարհները միանգամից մերկասառույցով են պատվել։ Ըստ նրա՝ այդ վիճակն առավելագույնը 1 ժամ է տևել: