Երևանում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել

Վերին Չարբախում գտնվող Շարուրի փողոցում աշխատանքային օրերին վաղ առավոտից պատկերն այսպիսին է լինում՝ մեծ թվով կայանած մեքենաներ, բայց մարդկանց քիչ հոսք։

Այսօր առավոտյան Շարուրի փողոցում գործող տպագրական ընկերության տեսախցիկները արձանագրել էին ուժեղ քամու առաջացրած հետևանքները. «Ուժգին քամու հետևանքով աշխատակիցների մեքենաները վնասվեցին տանիքի փլուզմամբ: Այս 4 մեքենան, որոնք կայանված էին, այս մեքենաները մեր աշխատակիցների ժամը 9:12: Ժամը 9-ից ենք սկսում աշխատանքը»:

Վնասված մեքենաները դեռ բակում կայանած էին։ Երջանիկ պատահականությամբ ու րոպեների տարբերությամբ վնասը միայն նյութական է եղել։ «Դիմացի գործարանից էս շիֆեռները ընկել են մեքենաների վրա, ընկել ա գետնին, հետո մեքենաների մեջ», - ասում է աշխատակիցներից մեկը` տեղեկացնելով, որ մեքենաների սեփականատերերը գնացել են այդ գործարանի տնօրենի մոտ. «Կանչել ա, տեսնենք»։

Թե՛ գործարանի տնօրենը, թե՛ դեպքի վայր ժամանած ոստիկանները ասել են, որ վնասի փոխհատուցման համար մեքենայի սեփականատերերը պետք է դատարան դիմեն։

Տպագրական ընկերության դիմացի մայթին գտնվող գործարանի տանիքի վրա գտնվող՝ վերելակի հորանի ծածկի վերևի հատվածից պոկված երկաթյա թիթեղն ու կոնստրուկցիաները, փայտե կտորները մի քանի մետր հեռու են շպրտվել։ Երկաթյա թիթեղների մի մասն էլ դեռ շարունակվում էր ճոճվել քամուց։

Գործարանի փոխտնօրենը, ում հետ հեռախոսով կարողացանք կապ հաստատել, ասաց, որ վտանգ ներկայացնող այդ կտորները արդեն հեռացվել են, իսկ տանիքը ամրացնելու խնդիր չի եղել. «Եթե փոթորիկ է եղել, ժամում 27 մետր վայրկյան արագությամբ քամի է եղել, դրանից հետո ի՞նչ հարց կարելի է տալ, եթե այդտեղ նույնիսկ մարդը կանգնած լիներ, մարդուն էլ կարար վերցներ, շպրտեր: Նոր վերանորոգված, նորմալ կտուր ա եղել, բայց ժողովրդի բարբառով ասած` սատանի քամի էր, հավաքել, տարել է, այդտեղ ո՞վ ի՞նչ կարա անի», - ասաց Տիգրան Ապոզյանը:

Հիդրոօթերևութաբանները կանխատեսել ու նախազգուշացրել էին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվող ուժեղ քամիների մասին, որոնց արագությունն առանձին հատվածներում հասել է 25մ/վրկ-ի։

Քամին անհետևանք չէր անցել նաև մայրաքաղաքի կենտրոնով։ Հաղթանակ կամրջի վրա պոկվել ու կախվել էին երթևեկության նշանները։ Մեր նկարահանման պահին արդեն աշխատանքներ էին տարվում նշանները իրենց տեղում ամրացնելու ուղղությամբ։ Ուժեղ քամիները Երևանում պահպանվեցին մինչև կեսօր, դրանից հետո մայրաքաղաքում անձրև սկսվեց։

Գարուն հիշեցնող տաք ու արևային մի քանի օրերից հետո, երբ անգամ Սյունիքի Նռնաձոր համայնքում ծիրանենին ծաղկեց, այսօր արդեն հանրապետության մի շարք մարզերում առատ տեղումներ սկսվեցին, առանձին հատվածներում նաև բուք եղավ։ Հայաստանի որոշ ավտոճանապարհներ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների, փակվեցին կամ դժվարանցանելի դարձան։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ը աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։