Երեկ երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի գլխավորած պատվիրակությունը, որին նույն օրը ընդունել են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտգործնախարար Արա Այվազյանը։
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, բրիտանացի նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կյանքի կոչման և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար հայկական կողմի համար առաջնահերթ է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Մորթընը կարևորել է կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
Հանդիպման ավարտին Միրզոյանը ևս մեկ անգամ կարևորել է ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը և հույս հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը:
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Արա Այվազյանը Ուենդի Մորթընի հետ հանդիպման ժամանակ ասել է․ - «Մեր տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը Թուրքիայի անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանք է: Ինչպես Դուք իրավացիորեն նշել եք նոյեմբերի 8-ին Համայնքների պալատում ունեցած ելույթում՝ այն չի կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում. միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է կայունություն, տևական խաղաղություն և ի վերջո՝ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից ինքնորոշման իրավունքի բռնի ճնշման փորձը, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև լուրջ և շարունակական սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար», - ընդգծել է Այվազյանը։
Հայաստանի ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, պատանդառության քաղաքականության վրա՝ նշելով, որ «դա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր նրանց համար, ովքեր արժանահավատորեն և հետևողականորեն հանդես են գալիս միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»: