Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:
Ավելի ուշ Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մանրամասներ հաղորդեց՝ նշելով, որ աճյունները հայկական կողմին են փոխանցվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում։
ԱԻՊԾ փրկարարները մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: «Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն:
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է: