Երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ թե՛ մաեստրոն և թե՛ նրա գլխավորությամբ ողջ երգչախումբը որոշեց տարվա առաջին համերգն այս կերպ սկսել, քանի որ իրենք, ինչպես ամբողջ հայ ժողովուրդը, սգում են հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին․ - «Մաեստրոն առաջարկեց, և որոշում կայացվեց, որ համերգը պետք է լինի, և ամբողջ հասույթը փոխանցվի 1000+ հիմնադրամին։ Որոշեցինք, որ մի փոքրիկ բան էլ մենք կարողանանք անել»։
Նա հավելեց, որ պատերազմական գործողությունների օրերին էլ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, ինչպես այլ մշակութային հաստատություններ, թիկունքից բանակին աջակցելու համար մի շարք ձեռնարկների է մասնակցել, բայց այսօր արդեն հենց երգչախմբային արվեստի միջոցով են իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհվածների հիշատակին:
Դավիթ Թերզյանը ասաց նաև, որ և՛ մաեստրոն, և՛ իրենք բոլորը չափազանց մեծ ցավ են ապրել թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո մինչև օրս․ - «Ինչպես բոլոր հայ ժողովուրդը։ Ո՞նց կարա մարդը անտարբեր նայի ինչպես են զոհվում մեր տղաները, ոնց են անհայտ կորած և այլն, և այլն։ Բոլորս էլ շատ տխուր և մեծ ցավով ենք էդ ամեն ինչին նայում»։
Եվ չնայած դրան, ինչպես շեշտում էր Դավիթ Թերզյանը, փետրվարի 17-ի համերգը, իրենց այս տարվա առաջին համերգը պայծառ, լուսավոր համերգ է լինելու: Այնպիսի ծրագիր է ընտրված, որ ունկնդրին հույս, ուժ ու ներշնչանք պարգևի․ - «Շատ հետաքրքրիր ծրագիր է։ Մեջը ամեն ինչ կա՝ հոգևոր սնունդ, հույս դեպի ապագան։ Ամեն ինչ կա»։
Խոսելով երգչախմբի ծրարգրերի մասին՝ Թերզյանն ասաց․ - «Այս տարվա ընթացքում մեր համագործակցությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ․․․ էս պահին պայմանավորված ունենք երկու ծրագիր։ Եվ, եթե իհարկե կհաջողվի, անցած տարի մենք չհասցրեցինք ձայնագրություններ անել և համերգ տալ Բեթհովենին նվիրված համերգ։ Գիտեք, անցած տարի Բեթհովենյան տարի էր։ Եվ այն ծրագրերը, որ չկարողացանք անցած տարի իրագործել պանդեմիայի, հետագայում պատերազմի պատճառով, փորձելու ենք այս տարի իրագործել»։
«Մենք էլ մեր ֆրոնտում ենք կռվում։ Մեր արվեստն էլ մեր զենքն ա, մենք էլ մեր զենքով ենք կռվում։ Մեր զինվորները մեր սահմանն են պահում, մենք էլ էս ձևով ենք մեր զինվորների թիկունքին կանգնում», - զրույցը եզրափակեց Դավիթ Թերզյանը։