ԱՄՆ Կոնգրեսը հունվարի 6-ի իրադարձությունները քննող հանձնաժողով կստեղծի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսը հանձնաժողով կստեղծի՝ հետաքննելու հունվարի 6-ի իրադարձությունները: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Նրա խոսքով՝ փորձագիտական խումբը ստեղծվելու է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո կազմված հանձնաժողովի օրինակով։ Փելոսին շեշտել է, որ հանձնաժողովը նախ հետաքննելու, որից հետո տեղեկացնելու է փաստերի և հնարավոր պատճառների մասին, որոնք կարող են առնչություն ունենալ «ներքին ահաբեկչական գործողությանը» և «երկրում իշխանության խաղաղ փոխանցման գործընթացին միջամտությանը»։

Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն է իր գործողություններով նպաստել հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած արյունալի անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։ Ամբոխը Կապիտոլիումի բլուր էր ուղևորվել նախկին նախագահի հրավիրած հանրահավաքից անմիջապես հետո և նրա ցուցումով։

Այդ իրադարձությունների կապակցությամբ Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց ԱՄՆ 45-րդ նախագահին։ Սենատը, սակայն, անցած օրերին արդարացրեց Թրամփին՝ նրա դեմ առաջադրված «խռովության հրահրման» մեղադրանքը որակելով հիմնազուրկ։