Փետրվարի 14-ին և 15-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը:
Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։