«Գոնե մի մասունք գտնեն». երեք ամիս անց էլ Մելանյա Մադոյանը տեղեկություն չունի ամուսնու և որդու մասին

Մելանյա Մադոյանւ Գորիսի հյուրանոցում

Պատերազմի ավարտից երեք ամիս անց էլ Մելանյա Մադոյանը որևէ տեղեկություն է փնտրում ամուսնու և որդու մասին. երկուսն էլ անհայտ կորածների ցանկում են։․ - «Տղես՝ Ջաբրայիլ, ամուսինս՝ Իշխանաձոր։ Տղես Վայքում ռազվեդկում ա աշխատել, 40 տարեկան ա, երկու երեխա․․․ Չգիտենք ուր ա»։

Հոկտեմբերի 17-ից է որդու հետ կապը կորել, իսկ ամուսինը պարզապես հրաժարվել էր դուրս գալ հարազատ տնից՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից․ - «Ինքը գյուղից դուրս էկել․ մեռնեմ՝ իմ տանը կմեռնեմ»։

«Նույնիսկ մեզ էր համոզում չհեռանալ», - ասում է դուստրը՝ Ծաղիկ Սաքանյանը։ - «Ինքը մեզ ասում էր՝ որ գնաք Գորիս, ձեզ ընտեղ են բամբիտ անելու։ Մի գնացեք, մնացեք ստեղ»։

Ծաղիկն ասում է, որ հայրը արցախյան առաջին պատերազմին էր մասնակցել, վախ չուներ։ Իշխանաձորից հեռացած զինվորները նրան զենք էին թողել։ Հարազատները Սերյոժա Սաքանյանի հետ վերջին անգամ խոսել են, երբ արդեն ադրբեջանցիները գյուղ էին մտել։

Արցախի փրկարարները մի քանի օր առաջ հենց Իշխանաձորից էին 3 մարմին գտել, նախնական տվյալով, զինվորականներ են։

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով, հրադարդարից ի վեր 15 խաղաղ բնակչի մարմին է հայտնաբերվել։ Նրանք եղել են իրենց տանը կամ տնամերձ տարածքում։

«Դա եղել է Դրախտիկ համայնքում Հադրութի շրջանի, Ազոխ համայնքում, Տող գյուղի տարածքում։ Եղել են բակերում տներում, եղել է նկուղում։ Քարինտակում է եղել այդպիսի դեպք, կնոջ մարմին է եղել, հարազատները հագուստից ճանաչել են նրան», - «Ազատությանն» ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Սեփական տունը չլքած արցախցիների մարմիններ փրկարարները ավելի շատ գտել են Հադրութի շրջանում, ողջ գտնվածներն էլ, Թադևոսյանի խոսքով, Հադրութից էին․ - «Վերջին անգամ ողջ մարդ գտել ենք դեկտեմբերին Հադրութի շրջանից։ Հայր և որդի Պետրոսյանները»։

Մինչև այժմ ընդհանուր առմամբ 1374 աճյուն է հայտնաբերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, այսօր դարձյալ Հադրութի շրջան փրկարարների երեք խմբեր են մտել։

«Հույսը չենք կորցնում, որ ողջ մարդ էլ կգտնենք», - ասում է Հունան Թադևոսյանը։ - «[Որոնողական աշխատանքները] շարունակվում են հավանական տեղերում։ Դա հիմնականում անտառային հատվածներն են և ավելի խորքում գտնվող գյուղական բնակավայրերը։ Դրանք Հադրութի շրջանում են, դրանք Ջրականի շրջանում են։ Մտածում ենք, որ գուցե հրաշք կկատարվի և գոնե կկարողանանք մեկ կյանք ավել փրկել»։

Մելանյա Մադոյանը ԴՆԹ թեսթ է հանձնել, մտքում սակայն հույս է փայփայում, որ որդին ու ամուսինը գերեվարվել են, բայց եթե ոչ․․․ - «Ինչ-որ մի մասն ունենանք, գոնե լացենք վրեն, հանգստանանք․․․»

Դստեր ընտանիքի ու իր խնամքին գտնվող թոռնուհու հետ սպասում է Գորիսի հյուրանոցներից մեկում. այստեղ ապրում ու սնվում են հյուրանոցի սեփականատիրոջ միջոցներով։ Տունն ու ընտանիքի տղամարդկանց կորցրած կինը ապագայի մասին վախենում է մտածել․ - «Հետոյի մասին էլ չենք մտածում»։