Ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին տվյալներ չկան, շեշտում է ԱԻՆ մասնագետը

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանի խոսքով` տվյալներ չկան, որոնք հաստատեն, որ Հայաստանում սպասվում է ուժեղ երկրաշարժ: Միաժամանակ նա ասում է, որ ինչպես ԱԻՆ-ը զգուշացրել էր, թույլ և միջին ուժի ցնցումներ դեռ չեն բացառվում:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը Հրաչյա Պետրոսյանն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Այսօրվա երկրաշարժը թույլ էր

Այսօր ավելի վաղ Երևանում զգացված երկրաշարժը թույլ էր, ասում է Հրաչյա Պետրոսյանը` հավելելով. «Նուբարաշենի երկրաշարժի հետցնցումն է, 111-րդ գրանցված հետցնցումն է»:

Նրա փոխանցմամբ` Երևանին ամենամոտը գտնվում են երևանյան խորքային ակտիվ խզվածքը և Գառնիի ակտիվ սեյսմածին խզվածքը, որտեղ կարող են լինել ավելի ուժեղ երկրաշարժեր. «Նուբարաշենի երկրաշարժը հարում էր Երևանի ակտիվ խզվածքային գոտում, ավելի հայտնի է Փարաքարի օջախը»:

«Ուժեղ երկրաշարժ չի սպասվում»

Օգտատերերը հետաքրքրվում են` 6-7 բալլանոց կամ դրանից ավելի ուժգնությամբ ցնցումներ սպասվո՞ւմ են Երևանում, կա՞ն գիտահետազոտական տվյալներ:

«Երկրաշարժերի կանխատեսումը բարդ խնդիր է, ընդհանուր լուծում համաշխարհային մակարդակում դեռ չունի հիմնախնդիրը, բայց տեղական կառույցը, ուսումնասիրելով երկրի կառուցվածքը, որոշակի հաջողություններ ունի, Սեյսմիկ պաշտպանության տարածքային կառույցը ևս որոշակի կանխատեսումներ կարող է անել, և դա դեռ ուժեղ երկրաշարժի կանխատեսում չի: Շորժայի երկրաշարժից առաջ ու հետո տեղեկություն ենք տրամադրել, ԱԻՆ-ի կայքում կա, որ լինելու են, չեն բացառվում միջին ուժի և թույլ երկրաշարժեր: Եվ տեղի ունեցավ Նուբարաշենի երկրաշարժը` միջին ուժի, բավականին ցնցվեց, զգացվեց: Հիմա էլ մեր տվյալների համաձայն` կարող ենք ասել, որ ոչինչ չի փոխվել, հնարավոր են միջին ուժի և թույլ ցնցումներ, բայց որևէ տվյալներ չունենք, որոնք հաստատեն, որ սպասվում է ուժեղ երկրաշարժ», - հայտարարեց մասնագետը:

Մետրոյի գնացքները չեն կանգնել

«Մեր գործընկերները տարբեր խմբերով այցելել են դպրոցներ, մանկապարտեզներ, որպեսզի օպերատիվ ձևով գնահատեն, մի տեղ ճաք է եղել, մի տեղ երեսապատման սալիկ է փլուզվել: Բոլոր միջին ուժի զգացված երկարաշարժերից հետո նման աշխատանք կատարվել է: Անձամբ ես տեղեկություն չունեմ (որքանով են անվտանգ)», - ասաց նա:

Պատասխանելով մեկ այլ հարցի` հայտնեց, որ Երևանի մետրոյի գնացքները փետրվարի 13-ի երկրաշարժի դեպքում չեն կանգնել. «Իսկ ինչո՞ւ պետք է անպայման կանգնեին, դրա կարիքը չի եղել»:

Շենքերի ամրացումը գումարների հետ է կապված

Օգտատերերը նաև հարցնում են` ինչո՞ւ իրենց նախարարությունը չի պահանջում քանդել բազմաբնակարանային շենքերում ինքնակամ շինությունները: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականն ասաց` դա իրենց լիազորությունների շրջանակում չէ: Սակայն կիսում է մտահոգությունը. «Սպիտակի երկրաշարժի ավերածությունների 10 տոկոսը բնակիչների ինքնագործունեության արդյունք էր, մի տեղ պատ են քանդել, զգեստապահարան սարքել, կան մարդիկ, որ իրենց համարում են հանճարեղ շինարարներ: Բացի դրանից, դա շատ տգեղ է, նույնիսկ կենտրոնական փողոցներում հրաշալի շենքեր են, վերևը մի հատ բուդկա է դրված, ոչ ոք չի ասում` ախր դրա համար քաղաքային իշխանություններ կան, այդ ի՞նչ բուդկա ես դրել:

Նրա ներկայացմամբ` ժամանակակից աշխարհում կան շենքի սեյսմակայունությունը բարձրացնող հնարավորություններ: Նա օրինակ բերեց, որ ամրացումներ եղել են Երևանի Աջափնյակ համայնքում, տարբեր շենքեր էլ քանդվել են, կառուցվել են նորերը, բնակիչներին տեղավորել են. «Սա արվում է, չենք կարող ասել, որ անուշադրության է մատնվում, (ամրացումը) թանկ հաճույք է, դրա համար էլ մեծ ծավալներ չի ընդունել այդ աշխատանքը, դա գումարի հետ կապված է»:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.