Մենք 40 օրից ավելի գտնվել ենք Ղարաբաղում՝ առաջնագծում, բայց ոչ մի տեղ չկանք գրանցված․ պահեստազորային

Կեսօրին մի խումբ պահեստազորային հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի առջև։ Նրանք զորակոչվել ու մասնակցել էին պատերազմին, սակայն այդ փաստը հաստատող ոչ մի փաստաթուղթ չունեն։

«Մենք 40 օրից ավելի գտնվել ենք Ղարաբաղում՝ առաջնագծում, բայց մենք ոչ մի տեղ չկանք գրանցված», - ասաց պահեստազորային Վահե Օհանյանը։

Օհանյանն ասում է, որ անգամ զինգրքույկն իրենց մոտ չէ, իսկ թե որտեղ է, ավելի քան 3 ամիս է փորձում են պարզել, սակայն ապարդյուն։

«Զանգել ենք թեժ գիծ, թեժ գիծը ասում ա ինչ-որ հանձնաժողով ա ստեղծվել, էդ հարցերով են հետաքրքրվում, բայց ոչ մի արդյունք։ Ուղարկում են վայենկոմ, վայենկոմատին դիմում են գրում, վայենկոմատը ասում ա սպասեք։ Արդեն բավական ժամանակ ա անցել, մեր հարցին ոչ մի լուծում չի տրվել», - հավելեց Օհանյանը։

Զորահավաքով պատերազմի մեկնած պահեստազորայինները հիմա ավելի շատ մտածում են ոչ թե իրենց ծառայության դիմաց տրվող վարձրատրության մասին, այլ զինգրքույկների։ Վստահեցնում են՝ պատերազմ մեկնելիս չեն էլ իմացել, որ վարձատրվելու են, հիմա էլ չգիտեն, թե որքան գումար են ստանալու․ - «Չգիտենք, թե պատերազմից հետո ինչ-որ աշխատավարձ ա հասնում, սրտանց գնացել ենք մեր հայրենիքի, մեր զինվորի կողքին լինելու համար»։

Պահեստազորայինների խոսքով, զինգրքույկները վերջին անգամ Ասկերանի շտաբում են եղել, որտեղից իրենք տեղափոխվել են առաջնագիծ։ Որ մասնակցել են պատերազմին ամենաթեժ կետերից մեկում, ասում են, ոչ միայն իրենց ունեցած տեսանյութերը կարող են փաստել, այլև իրենց հրամանատարը։ Նա միայն հաստատում է, որ տղաների անունները փոխանցել է զորամասի շտաբ։ Սակայն զորամասից պատասխանում են, թե ցուցակներում նման անուններ չկան։

Նույն նպատակով էլ այսօր զորամասի ներկայացուցչին զանգեցին ու ստացան նույն պատասխանը։

Պահեստազորայիններին այսօր Պաշտպանության նախարարությունից ուղղորդեցին Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն, որտեղ նրանց ընդունեցին ու հորդորեցին կրկին դիմումներ գրել։

«Փոխգնադեպ Զարգարյանը մեզ ասեց՝ վաղը ներկայացնում ենք մեր բոլոր տղերքի անձնագրերի պատճենները, ներկայացնում ենք ապացուցողական բոլոր փաստաթղթերը, նյութերը, որ մենք մասնակցել ենք պատերազմին։ Էդ ամբողջով դիմում ենք գրում, ու էդ դիմումները երեք ուղղությամբ ուղարկվում ա՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Շտաբի պետին և Ղարաբաղի հրամանատարին», - փոխանցեց պահեստազորային Վահրամ Խաչատրյանը։

Մեկ այլ պահեստազորային՝ Հովհաննես Շահբազյանն ասաց․ - «20 օր հետո եթե մեր հարցին լուծում չտրվեց, ես հրապարելու են բոլոր նյութերը, ինչ ունեմ իմ ձեռի տակ։ Բոլոր նյութերը հրապարակելու եմ։ Էսօրվա խոսակցությունը սաղ ձայնագրված իմ հեռախոսի մեջ կա»։

«Ինձ վերջերս շատ են զանգահարում տարբեր մարզերից՝ Վարդենիսից, Գեղարքունիքի ինչ-որ գյուղերից», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նրա խոսքով, խնդիրը համատարած է, կան նաև պահեստազորայիններ, որ զինգրքույկն ունեն, սակայն դրանցում չի նշվում պատերազմի մասնակցության փաստը․ - «Ինչպես 16 թվի պատերազմում էր, որ ում ուզում էին, նշում էին, ում չէին ուզում, չէին նշում, հիմա էլ է երևի էդ նույն մեխանիզմը գործում։ Այսինքն՝ նրանք, ովքեր այնտեղ իրոք մասնակցել են էդ դաժան մարտերին և հրաշքով փրկվել, հիմա եկել են էստեղ նսեմանում են էդ մի քանի կոպեկի առջև»։

Իրավապաշտպանը ստեղծված իրավիճակի համար իշխանություններին է քննադատում, ասում է՝ այս հարցերն օր առաջ պետք է լուծվեին, այնինչ պաշտպանության նախարարությունն անգործության է մատնված․ - «Սրանք առաջնահերթ հարցեր էին, որ պետք է իշխանությունի մի վայրկյանում լուծեր․․․ Նա պետք է առաջնահերթ դներ մարդկանց, որոնք անհայտ կորածների հարազատներն են, գերիներն են, և հենց այս տղաներն են, որոնք գնացել ու մասնակցել են։ Նրանք [պատկան մարմինները] ո՛չ կարողանում են համակարգել, ո՛չ էդ մարդկանց ուշադրություն դարձնել, ոչինչ չեն անում։ Շատ նսեմացնող վիճակ է, ես հասկանում եմ այդ երիտասարդներին»։