Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) պնդում է Իրաքում գտնվող տասնյակ թուրք ռազմագերիների մասին։ Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այսօր այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար անդամ Քավա Շեյխ Մուսան։ Քուրդ գործչի խոսքով` Իրաքի հյուսիսում գտնվող գաղտնի բանտերում պահվող թուրք զինվորականների թիվը գերազանցում է հարյուրը։
«Մեր հսկողության տակ գտնվող թուրք զինվորականները ռազմագերիներ են։ Թուրքական կողմը օդային հարվածների և ցամաքային գործողությունների միջոցով բազմիցս փորձել է ազատել նրանց, սակայն ցանկալի արդյունքի այդպես էլ չի հասել», - հայտարարել է Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչը։