Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համագործակցության արդյունքում իրականացվել է մի շատ ուշագրավ ծրագիր, որի շնորհիվ Հայաստանի պետական կամերային նվագախումբը ճապոնական կառավարության կողմից որպես նվիրատվություն ստացավ ճապոնական հանրահայտ Yamaha ֆիրմայի մի շարք նոր երաժշտական գործիքներ, այդ թվում՝ ռոյալ, քսիլոֆոն, մեծ և փոքր թմբուկներ և այլն։
Այս իրադարձությունը նշանավորվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած՝ Պետական կամերային նվագախմբի և անվանի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի հրաշալի համերգով, որին ներկա էր նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։
«Ճապոնիայի կառավարության անունից անչափ ուրախ եմ մասնակցել Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը։ Այս անգամ Grassroots մշակութային ծրագրի շրջանակում 90 հազար 889 ԱՄՆ դոլար արժողությամբ Ճապոնիայի դրամաշնորհային աջակցությունը նպաստել է նոր հնարավորությունների բացմանը, ինչպիսին են՝ բարձրակարգ արվեստագետներ հրավիրելու հնարավորությունը՝ և՛ Հայաստանից, և՛ ամբողջ աշխարհից, կամ նոր երգացանկերի լայն տեսականի ներառելու գաղափարը՝ իսկապես այս գերազանց նվագախմբի համար, կամերային երաժշտության Հայաստանի այս պանթեոնում», - հայտարարեց դեսպանը։
Ջուն Յամադան հույս հայտնեց նաև, որ լիարժեք և բուռն երաժշտական կյանքի վերսկսմանը զուգահեռ՝ Հայաստանը վստահորեն առաջ կշարժվի՝ հաղթահարելով նախորդ տարվա բոլոր մարտահրավերները։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման և նոր ձգտումների այս ժամանակաշրջանում, ընդգծեց դեսպանը։
Արարողությանը ներկա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով էլ՝ «սա զուտ գույքային ձեռքբերում չէ, բարձրակարգ երաժշտական գործիքը մասնագիտական աճի, ոլորտի զարգացման՝ մեծ իմաստով, միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման գրավականն է»։ «Մենք գիտենք, որ բարձրակարգ երաժիշտները շատ մեծ դժվարությամբ են նվագում ոչ բարձրակարգ երաժշտական գործիքների վրա, և կարծում եմ, որ սա լուրջ խթան պիտի դառնա նաև այդ իմաստով։ Իսկ եթե մենք գիտակցենք և ընդունենք, որ երաժշտական գործիքների պակասորդ կա շատ՝ և՛ երաժշտական դպրոցներում, և՛ նվագախմբերում, ապա այս իրադարձությունը մեզ համար դառնում է է՛լ ավելի կարևոր, և ես ուզում եմ հավատալ, որ համագործակցությունը կլինի շարունակական, և մենք կունենանք դասական երաժշտության տարածման նորանշանակ դեսպաններ ի դեմս այս գործիքների», - ասաց փոխնախարարը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի համոզմամբ՝ նոր գործիքների ձեռքբերումը մեծապես կնպաստի բարձրորակ համերգների կազմակերպմանն ու երաժշտասեր հանրությանը լավագույն համերգներ մատուցելուն։
«Թույլ տվեք բոլորիս շնորհավորել այս գեղեցիկ օրվա առիթով, որովհետև մեր համար այս գործիքների ձեռքբերումը ամենակարևորագույն խնդիրներից էր, և այսօր այնքանով բավարարվեց, որ մենք այսօրվա համերգին արդեն ունկնդիրը կլինենք առաջին համերգի համար կատարվելիք, որը, շատ սիրով ուզում եմ շնորհակալություն հայտնել Սվետլանա Նավասարդյանին, որ առաջինը որպես մենակատար ինքն է նվագելու, և հատկապես շնորհավորում եմ Հայաստանի պետական կամերային նվագախմբին և ցանկանում եմ նորանոր հաջողություններ և է՛լ ավելի լավ գործիքներ։ Շնորհակալություն բոլորին», - ասաց Նազարյանը։