Եվ ինչպես ամեն տարի 2002 թվականին նրա երկրային կյանքի ավարտից հետո, այս օրը հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, մաթևոսյանական գրի խոր ընկալումն ունեցող բազմաթիվ մարդիկ, նրա հարազատների հետ միասին Կոմիտասի անվան պանթեոնում խնկարկում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում ի հիշատակ մեծ գրողի:
Նրանցից յուրաքանչյուրը հոգում ունի իր Մաթևոսյանը, իր այն գրողը, որի անհուն ստեղծագործական աշխարհը յուրաքանչյուր պահի նորովի կարող է բացահայտել:
Դերասնուհի, ռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն անցյալ տարի բեմադրեց Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակի հիման վրա ստեղծած իր համանուն մոնոներկայացումը: Այսօր Գրիգորյանը շեշտում էր, որ իրեն երբեք այդքան հարստացած չէր զգացել, ինչպես այդ գործը ներկայացնելիս․ - «Երևի դա մեծագույն հարստություն է ունենալ քո գրականության մեջ Հրանտ Մաթևոսյան․․․ հանճարեղ է, բարձրակետ է: Ինձ համար, առավել ևս երբ «Գոմեշն» էի անում և տեքստը անգիր է սովորում, այդ ինչպես թելը թելին․․․ ամեն նախադասությունը, ամեն հաջորդող բառը իր բերող-մեծացող մասշտաբը ամեն նախադասության ուղղակի այնպիսի ֆենոմենալ էր ինձ համար։ Երևի «Գոմեշը» անելուց հետո կրկնակի հարստացա որպես անհատ, իմ հայությունը շատ ավելի խորը ընկալեցի, շատ ավելի աշխարհի մակարդակով և շատ ավելի լուսավոր։ Այնքան հզոր է ինքը»։
Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանի համոզմամբ, Մաթևոսյանն այսօր էլ կարող էր մեզ հետ լինել՝ որպես առաջամարտիկ․ - «Այդ հարցը նրան էլ են տվել, թե Թումանյանը ի՞նչ պիտի աներ։ Ի՛նչ պիտի աներ․․․առաջամարտիկը պիտի լիներ, պիտի վազեր որբացած էրեխեքին մի բանով օգնելու, ինչպես արել է իր ժամանակին։ Նույնը անելու էր Հրանտ Մաթևոսյանը։ Ցավոք, նորից ջլատվելու էր, նորից խռովելու էր աշխարհից, դադարելու էր գրել։ Ամեն ինչին բաց նյարդերով էր նայում»։
Սերունդները դեռ կբացահայտեն Մաթևոսյանի ֆենոմենը, նրա գիրն ու գրականությունը, նրա թողած ժառանգությունը, որը պատշաճ պահպանելու համար դեռ տարիներ առաջ հիմնադրվեց նրա անունը կրող մշակութային կենտրոն –թանգարանը։ Այն, ավաղ, մինչ օրս չի գործում:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը դառնացած էր․ - «Ինքը կա։ Իր խոսքը հավերժ է, իր խոսքը այսօրվա, ապագայի և երեկվա մասին է, իր խոսքը հասկացողների համար է, իր խոսքը, վերջապես, մշակութային ազգային, պետական գաղափարախոսություն մշակելու, ձևավորելու կամք ունեցող մարդկանց համար է, միավորների համար է։ Մեր հասարակությունն այսօր հստակորեն բացակա է ազգային մշակութային ազգային գաղափարաբանությունից, և շատերի մեջ, բայց սակավների մեջ նաև Մաթևոսյանն է տալիս ազգային գաղափարախոսության բոլոր բանաձևերը։ Պարզապես կարդացող է պետք, պարզապես գրագետ մարդիկ են պետք։ Մենք էսօր տեսնում ենք, որ մեր հասարակության հիմնական խնդիրը կրթություն չունենալն է և տգետ լինելը։ Տգետները շատ են ամենուր, մասնավորապես՝ քաղաքական դաշտում, և դա մեր ողբերգությունն է։ Այդ ողբերգությունը հաղթահարելու համար մենք պիտի տեր լինենք Մաթևոսյանին, ինչպես որ ինքը շարունակաբար մեզ տեր է։ Տեր է մեր երկրին, մեզ»։
Հարցին, թե ինչ է արվել իր ղեկավարած կենտրոնի գործունեության հետ կապված, Դավիթ Մաթևոսյանն արձագանքեց․ - «Մեծ տառերով՝ ՈՉԻՆՉ։ Ոչինչ չի արվում, ոչինչ չի արվել։ Միայն աշխատանքային խումբն է մի քանի անգամ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո հանդիպել։ Իրենք ինչ-որ լուծումներ են փորձել գտնել, ուղարկել են վերև, վերևից, ըստ երևույթին, ստացել են հանձնարարական՝ հլը մի հատ էլ հանդիպեք։ Եվ արդեն դեկտեմբերի կողմերը ես սկսեցի ասել, որ հրաժարվելու եմ հետագա հանդիպումներից, որովհետև նյութ չեմ տեսնում քննարկելու, ժամավաճառություն եմ տեսնում։ Ես համարում եմ, որ մենք պիտի ուղղակի մոռանանք կառավարության, իշխանությունների գոյության մասին։ Մենք պիտի դրամահավաք հայտարարենք և շարունակենք, ավարտին հասցնենք շինարարությունը՝ կահավորում, էքսպոզիցիա, տեխնիկական հագեցում և այլն։ Փառք Աստծո, էդպես մտածող մարդիկ կան, բանակցում ենք։ Ես կարծում եմ, դրամահավաքի մասին շատ շուտով ինչ-որ հայտարարություն կանենք ու կտեսնենք ինչքան ենք հավաքում, մենք ինչքան ենք ավելացնում, որպեսզի մի բան ստացվի։ Իսկ եթե փորձեն խանգարել, ես հրապարակավ էդ մասին կասեմ։ Եթե ընդառաջ գան, ձեռք մեկնեն, դրա մասին էլ կհայտարարենք»։
Հարցին, թե արդյոք հանդիպել է նոր նախարարին, Մաթևոսյանն արձագանքեց․ - «Ոչ։ Ես չեմ ուզում որևէ հետ իմ նախաձեռնությամբ ոչինչ անել, որովհետև խնդիրը նախարարների փոփոխության մեջ չէ, խնդիրը մշակութային քաղաքականության բացակայության մեջ է։ Թող իրենք ընդառաջ գան, տեսնենք, որ ընդառաջ են գալիս»։