Մյանմայում բախումներ են սկսվել ոստիկանության ու ցուցարարների միջև

Մյանմայում բախումներ են սկսվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք ընդդիմանում են շաբաթներ առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանն ու պահանջում ազատ արձակել երկրի ղեկավար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Ջիին։ Իրավապահները ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ:

Այս պահի տվյալներով` առնվազն երեք մարդ մարմնական վնասվածք է ստացել, մոտ մեկ տասնյակը` ձերբակալվել։ Յոթ օր անընդմեջ շարունակվող ցույցերը նոր թափ ստացան երեկ, երբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց իշխանության բռնազավթման ետևում կանգնած գեներալների դեմ։

Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով քննիչը կոչ է արել գերտերություններին հետևել Վաշինգտոնի օրինակին․ «Անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել և արգելել զենքի մատակարարումը,-Բիրմային նվիրված հատուկ նիստում հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, փաստելով,- «Օրեցօր նորանոր լուսանկարներ ու հաղորդումներ են ի հայտ գալիս, որոնք վկայում են, որ անվտանգության ուժերը հրազեն են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը, սակայն, մերժում են առաջարկը։ Մոսկվան և Պեկինը սերտ կապեր ունեն Մյանմայի զինվորականության հետ, և պնդում են, թե խունտայի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ միջազգային հանրությունը կմիջամտի «Մյանմայի ներքին գործերին»։