20-ամյա Վանիկ Հակոբյանը ռազմաճակատից հայրենի Արևածագ վերադարձավ անդամահատված, բայց նրանց ընտանիքում ցնծություն է՝ մայրն ուրախ է, որ թեկուզ մեկ ոտքով, բայց որդին ողջ է։
«Ես Մարտակերտում եմ ծառայել, համարյա թե Մատաղիսի կողմ։ Խրամատում դիտարկում էի կատարում, դիտարկման ժամանակ անօդաչուի ձենը լսեցինք, մի քիչ ֆռռաց-ֆռռաց ու սկսին կրակել։ Երեքը գլխովս անցավ, չորրորդը կողքս ընկավ։ Տղերքին կանչեցի, եկան օգնեցին, հանեցին, էդ ժամանակ զգացի, որ ոտքս չկա», - պատմեց Վանիկ Հակոբյանը։
Վանիկի համադասարանցիներ Էրիկի ու Արտակի համար մինչդեռ ամբողջ գյուղն է սգում․ նրանք զոհվեցին 44-օրյա պատերազմում։ Գրեթե ամեն օր վշտակից ընկերները, համադասարանցիները, հարևաններն ու հարազատներն այցելում են զոհված զինվորների ծրողներին, բայց դժվարությամբ խոսքեր գտնում նրանց ուժ տալու։
«Ինչ ձևով մենք բանակ ուղարկեցինք՝ երգով, պարով, ուրախությամբ, բայց էս ահռելի վշտին․․․ մեր ժողովուրդը կմոռանա՞ էս ծանր վիշտը, էս ահռելի վիշտը», - ասաց «Ազատության» զրուցակիցը։
Գյուղի բազմավաստակ մանկավարժ Ալվարդ Մոսինյանն ասում է՝ այս արհավիրքի հետ հաշտվել չի կարողանում։ Պատերազմն ընդամենը 830 բնակիչ ունեցող Արևածագից երկու երիտասարդի կյանք է խլել, երեքին՝ լուրջ վերքեր հասցրել։ «Հիմա էսքան զոհերից հետո, էս ամեն բալեքի գնալուց հետո, էս լուսավոր տղաների, որոնց շատերի մարմինն անգամ չեն գտել․․․»։
Այս մեծ սգի հետ անհաշտ արևածագցիներն ասում են․ - «Ափսոս չեն մեր էս մատղաշ հերոս երեխեքը, լույսի նման, մենք էս ինչ սերունդ կորցրեցինք, էս ինչքան աղջիկ ա տանը մնալու, էս սերունդն էս ինչ եղավ»։
Լոռու մարզի այս փոքրիկ գյուղում մի քանի օր առաջ պատերազմին մասնակցած երկու զինվոր զինծառայությունն ավարտեց ու ողջ-առողջ վերադարձավ գյուղ։ Լուրը կայծակի արագությամբ տարածվում էր տնից տուն, օրհնանքներ ու խաղաղության մասին մաղթանքներ հնչում։
Արևածագ. Պատերազմից հետո | Լոռվա զրից․ հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև