«Մինչև աթոռակռիվը չդադարի, ոչ մի լավ բան չես սպասի». Նոյեմբերյանում արտահերթի մասին կարծիքները տարբեր են

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում կարծիքները տարբեր են սահմանից հեռու` մայրաքաղաքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին. ինչպե՞ս եղավ, որ պատերազմում տանուլ տվեցինք, աթոռակռիվն ո՞ւր կհասցնի երկիրը, կամ հակառակորդ Ադրբեջանի հետ հաշտություն հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Հարցեր են բարձրացնում, իրարից տարբերվող պատասխաններ հնչեցնում ու միմյանց հույս տալիս, թե մի օր ՋիՓիԷս-ով (GPS) նաև սահմանամերձ Տավուշի մարզ չեն մտնի։

Բայց պատերազմ տեսած բնակավայրում մի հարցում համակարծիք են՝ վերջին պատերազմի վերքերը դեռ երկար չեն բուժվի։ Տավուշից էլ մեծ թվով զոհվածներ, վիրավորներ ու անհետ կորածներ կան. «Տավուշի մարզն ամեն օր էլ պատերազմի մեջ է էլի, ե՞րբ է ստի դադարել պատերազմը որ, միշտ էլ եղել է էլի»:

«Մենք սահմանամերձ տարածքում ենք ապրում, և բավականին մեր կյանքը տարբեր է մայրաքաղաքի քաղաքացու կյանքից, որովհետև ամեն պահի, երբ որ ուզում ենք մի տեղ գնալ, անցնում ենք այդ ճանապարհով, մեր կյանքը վտանգված էր մինչև հիմա, հիմա սրանից հետո էլ էլ չգիտեմ` ինչ կստացվի: Եթե հիմա էլ գան, Տավուշը սկսեն ՋիՓիԷս-ով բաժանել, չգիտեմ, թե ինչ ասեմ ես», - ասում է տեղացիներից մեկը, մյուսը` հավելում. «Պատերազմը շատ ծանր հետք թողեց մեզ վրա, էտքան երեխա անմեղ, բերակմներից էլ զոհեր ունենք: Հիմա էլ անորոշ դրության մեջ ենք, չգիտենք` ինչ ա կատարվելու, ինչ չի կատարվելու»:

Նոյեմբերյանում, ի տարբերություն Երևանի, քաղաքական ակտիվություն չկա։ Բոլորն իրենց գործերով են, և մեզ հանդիպածներից շատերն ասում էին, թե արտահերթ ընրություններ չանելու իշխանության որոշումը տեղին էր. «Էտ վիճակին նայելով` արտահերթ ընտրությունը պե՞տք է բայց, ավելի լավ չի՞, որ էտ փողը, որ դնիլ տեն, ընտրություն անին, զենք առնեն, ո՞ւմ ա պետք արտահերթ ընտրությունը»:

Մյուսի խոսքով. «Եթե Վազգեն Մանուկյանը պետք ա հաջորդը գա, տեր կանգնի էս ամեն ինչին, Փաշինյանն ավելի ձեռնտու է առայժմ: Մեզ մարդ է պետք գաղափարով, գլխով, որ հեռու նայի, աշխարհի հետ քայլենք մենք, ոչ թե տեղում»:

«Մեր փրկությունը մի հատ տաղանդավոր, շնորհքով, խելացի ղեկավար է պետք կամ Դեմիրճյանի պես, կամ եսիմ, էն առաջվա ղեկավարների նման, որ ժողովուրդը հավատա, վստահի իրեն, նվիրյալ ղեկավար է պետք»:

«Ներկա իշխանությունը շատ ճիշտ որոշում կայացրեց միանշանակ, երկում քաոս պետք չի, արտահերթ ընտրություն պետք չի, չպետք է խանգարենք իշխանությանը, որ իշխանությունը կարողանա էս վերքերը, էս ժողովրդին էլի հունի մեջ գցի», - ասում է տեղացիներից երրորդը:

Մի ուրիշն էլ կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

Նման կարծիք էլ է հնչում. «Ես մենակ էն եմ գիտում, որ ով ինչ ուզում ա ըլնի, էս երկիրը դզվելու չի, մինչև ներսի նախանձությունը, դավաճանությունը, աթոռի կռիվը չդադարի, ոչ մի լավ բան չես սպասի, ֆսյո, աթոռի կռիվ է եղել»:

«Էտ աթոռն էտ ինչ քաղցր պատառ ա, որ տհե...Թումանյանի ասածը, որ 6000 մարդ են կոտորում, էլի չեն հանգստանում, էլի աթոռի համար պայքարում են»:

Ղարաբաղյան հակամարտությունից առաջ Ադրբեջանի հետ հարևանություն արած տավուշցիները հակառակորդի հետ հարաբերությունները վերսկսելու հարցում ևս տարակարծիք են։ Շատերն ասում են՝ չի անցնի լարվածությունը, քանի դեռ չեն բուժվել վերքերը. «Ո՞նց հնարավոր է, որ ադրբեջանցոց հետ նույն բարեկամությունը, հարևանությունը ստեղծվի, անհնար է դա»:

«30 տարի է` իրենք իրենց ժառանգությանը սերմանում են, որ մենք իրենց թշնամին ենք», - ասում են նրանք, հավելում. «Պետք է հզոր բանակ ունենալ»:

«Ճիշտը հարևանի հետ բարիշելն է, կռվով ոչ մի բան էլ ա չի լինում»: «Նրանց հետ ի՞նչ լեզու գտնես, ի՞նչ ընդհանուր հայտարարի գաս նրանց հետ»: Այսպես կիսվում են կարծիքները: